31-07-2014 07:56

Արտգործնախարարն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Նախօրեին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհավորեց նրան ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ նա կօգտագործի ԵԱՀԿ շրջանակներում ձեռք բերված փորձն իր առաքելության իրականացման ընթացքում:
Հանդիպմանը քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները, կարևորվեց ԵՄ շարունակական աջակցությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին՝ ուղղված հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։


Նախարար Նալբանդյանը հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին պարբերաբար իրականացվող սադրիչ գործողություններին: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ Ադրբեջանը շարունակաբար մերժում է վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման, սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված առաջարկությունները, իր ապակառուցողական դիրքորոշմամբ խոչընդոտում է բանակցային գործընթացի առաջընթացին:
Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին Հայաստան-ԵՄ համագործակցությանը: Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովի ընթացքում ընդունված Հայաստան-ԵՄ համատեղ հայտարարությամբ վերահաստատվեց կողմերի հանձնառությունը` զարգացնել և ամրապնդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների շուրջ: