Բավ է պառակտվել
13-11-2014 08:29

Կոչ ենք անում հետաքննել Արցախում ուղղաթիռի հետ կապված միջադեպը.ԵՄ

Լեռնային Ղարաբաղում ուղղաթիռի խոցումից հետո անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կողմերը զսպվածություն ցուցաբերեն եւ խուսափեն ցանկացած գործողությունից եւ հայտարարությունից, որոնք կարող են սրել իրավիճակը: Այդ մասին ասվում է Եվրամիության կայքում: Եվրամիությունը կոչ է անում հետաքննել միջադեպը: «Եվրամիությունը կրկին հայտարարում է, որ լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Կողմերը պետք է անվերապահորեն պահպանեն հրադադարի ռեժիմը, խուսափեն ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից եւ վերականգնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերը»,- ասված է կոմյունիկեում: Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13:45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Նախնական տեղեկություններով՝ երեք օդաչու զոհվել է, ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը: