Բավ է պառակտվել
09-09-2016 14:38

Ռուս–թուրքական մերձեցումը չի ազդի ղարաբաղյան հակամարտության վրա. փորձագետ

Պետք չէ զգուշանալ ռուս–թուրքական մերձեցման հետևանքներից ղարաբաղյան հակամարտության հարցում, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։

«Ռուս–թուրքական մերձեցումը վերաբերում է առևտրատնտեսական ոլորտին։ Ընդ որում` մինչ օրս երկրներին չի հաջողվել հասնել նույնիսկ այն մակարդակին, որը եղել է նախորդ տարվա նոյեմբերին` ռուսական կործանիչի խոցումից առաջ»,– ասաց Սաֆրաստյանը։

Ըստ նրա, Ռուսաստանի և Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերը ոչ միայն չեն համընկնում, այլ նաև հաճախ հակադրվում են։

«Հայաստանը պետք է հանգիստ վերաբերվի դրան»,– ասաց Սաֆրաստյանը։

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներն օգոստոսին առաջին բանակցություններն են անցկացրել հարաբերությունների վատացումից հետո, ինչը կապված էր նախորդ տարվա նոյեմբերին ՌԴ ՌՏՈՒ Су-24 ռմբակոծիչի խոցման հետ։ Ռուսաստանը ներողություն, մեղավորների պատիժ և վնասի փոխհատուցում էր պահանջել։ Մինչ այդ պահանջների կատարումը Մոսկվան փաստացի դադարեցրել էր շփումներն Անկարայի հետ, ինչպես նաև արգելք էր սահմանել թուրքական ապրանքների ներկրման նկատմամբ, Ռուսաստանի տարածքում Թուրքիայի քաղաքացիների աշխատանքի, ինչպես նաև չարտերային ավիահաղորդակցման ոլորտում։ Հուլիսին Էրդողանը նամակ էր հղել Պուտինին` ներողություն խնդրելով միջադեպի համար։