26-08-2015 13:56

«Նոր Սահմանադրությունը և պառլամենտարիզմը». Հրանտ Բագրատյան

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը: Ընդհանրապես պառլամենտարիզմը կապված է հետևյալ հիմնարար սկզբունքների հետ։ 1. Պառլամենտական հանրապետությունում գործադիրը պետք է միայն օժտված լինի կիրառական ակտերի գործառույթով, իսկ ենթաօրենսդրական ակտերը մեծ մասամբ դառնան օրենքներ կամ էլ ընդունվեն ԱԺ հանձնաժողովների հետ համատեղ (ստորագրվեն ԱԺ նախագահի և վարչապետի, կամ ԱԺ հանձնաժողովի նախագահների-փոխնախագահների և կառավարության անդամ նախարարի կողմից)։ Այս դեպքում, սակայն ԱԺ օրենսդրական կարողությունը պետք է ավելանա 7-8 անգամ՝ 200-250 օրենքի փոխարեն 1400-2000։ Մինչդեռ ԱԺ ներքին բարեփոխում չի նախատեսվում, աշխատանքների ծավալների ավելացում նույնպես։ Նույնիսկ հանձնաժողովների քանակն է նույնը (12 շուրջ 30-ի փոխարեն)։ 2. ԱԺ բոլոր մշտական հանձնաժողովների նախագահների փոխարեն պետք է լինեն համանախագահներ. մեկը դիմությունից, մյուսը՝ ընդդիմությունից։ Սա էլ չկա։ 3. Պատգամավորը ունի օրենսդրական նախաձեռնության իրավունք։ Բայց ԱԺ կանոնակարգն այնպիսին է, որ ներկայումս ընդդիմադիր պատգամավորները չեն կարողանում այդ իրավունքից օգտվել։ Ըստ կանոնակարգի օրենքը ներկայացվում է հանձնաժողովների նիստում, կառավարության կարծիքով և ոչ դրական եզրակացության պարագայում հանձնաժողովները (բոլորում հանրապետականները «կայուն» մեծամասնություն ունեն) նստաշրջան չեն մտցնում։ Հիմա, ինչպե՞ս կարող է ընդդիմադիր պատգամավորն օգտվել իր օրենսդրական նախաձեռնությունից։ Հայաստանում՝ ոչ մի կերպ։ Արտասահմանում այսպես է. երբ այդ պատգամավորը պնդում է, օրենքի նախագիծն անպայման նստաշրջան է մտնում։ Սահմանադրության նախագծում այս խնդիրը լուծված չէ։ Նորից օրենքը կասեցնելու է սահմանադրական նորմը։ 4. Գ.Հարությունյանն ու սահմանադրական «բարեփոխումների» հանձնաժողովի անդամները, ՀՀԿ-ական գործիչները, այլ կուսակցությունների ներկայացուցիչներ ասում են. նոր Սահմանադրությամբ ՀՀ Նախագահին սիմվոլիկ դերակատարում է նախատեսված։ Ստում են։ Այդպես չէ։ Ահա գործող Սահմանադրության մեջ և նորի նախագծում ՀՀ Նախագահի լիազորությունների վիճակագրությունը։ Հին Սահմանադրությամբ ՀՀ Նախագահին լիազորությունների հատկացված է 12 հոդված, նորում՝ 22։ Գործող Նախագահն ունի 18 հիմնական լիազորություն, նորը կունենա 17։ Ի դեպ, Գերմանիայի սահմանադրությամբ ֆեդերալ նախագահի մասին կա սոսկ 8 հոդված, ընդամենը 5 լիազորությամբ։ Նրա մասին Սահմանադրության մեջ 1.7 էջ է գրված, մեր նոր սահմանադրության նախագծում Նախագահի մասին 7 էջ է գրված։ Այսպիսով, իրականում ունենք բացարձակապես կամ գրեթե բացարձակապես նույն նախագահը, ծավալուն լիազորություններով։ Միայն թե այդպիսի լիազորություններով մարդուն նշանակում է ինչ-որ ընտրիչների ժողով՝ իշխող կուսակցության որոշումով։ Ժողովրդին զրկում են այդպիսի կարևոր մարդուն, ինքիշխանության հստակ գործառույթներով, ընտրելու իրավունքից։ Բայց չէ՞ որ իշխանության աղբյուրը ժողովուրդն է։ 5. Նոր սահմանադրությամբ Նախագահը կարողանում է բլոկ անել Վարչապետին և ԱԺ-ին, ԱԺ-ն բլոկ է անում Վարչապետին ու Նախագահին, Վարչապետը բլոկ է անում Նախագահի և ԱԺ-ն։ Իսկ նա ով իշխող կուսակցության ղեկավարն է՝որոշում է, ով ում բլոկ անի։ Ահա այսպիսի պառլեմենտարիզմ։ Դրա համար ենք ասում. նոր Սահմանադրությամբ Հայաստանը դադարում է հանրապետություն լինելուց։