Բավ է պառակտվել
03-11-2014 12:37

Ադրբեջանի կողմից հնչող մեղադրանքները դատարկախոսություն են.ՀՀ ԱԳՆ

«Մարդու իրավունքների խախտումների հարցում քննադատությունը մի երկրի կողմից, որը հենց մարդու իրավունքներով զբաղվող ամենահեղինակավոր կառույցների կողմից մարդու իրավունքների ճչացող, զարհուրելի խախտման բռնատիրություն է որակվում, իրականության մեջ դատարկախոսություն է»,- Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի կողմից մեղադրանքներ են հնչում Հայաստանի հասցեին՝ Ադրբեջանում տիրող բռնատիրական վարքերը վերագրելով Հայաստանին, ի՞նչ նպատակով է դա արվում: «Անկախ նրանից, թե ինչ նպատակով է արվում, չեմ կարծում, որ կարող է որևէ մեկին տպավորել Ադրբեջանից դուրս, անգամ հենց Ադրբեջանի ներսում քչերին կտպավորի»,- շարունակեց նախարարը: Դեյվիդ Լիդինգթոնն էլ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների, քաղաքացիական ակտիվիստների հալածանքների դրսևորումները, ասաց, որ խոսել է վերջին տարիներին ադրբեջանական իրադարձությունների մասին, խորհրդարանի անդամները բարձրացրել են իրենց մտահոգությունները տարբեր երկրներում: «Մարդու իրավունքները կլինեն և կան շատ կարևոր էլեմենտ ցանկացած երկրի համար»,- ասաց նա: Դ. Լիդինգթոնը նշեց, որ Ադրբեջանի և ՄԹ-ի միջև կան տնտեսական շահեր, հատկապես կասպյան գազի շրջանակներում, այդ առումով Անգլիան շատ մտահոգված է` կապված իրենց տնտեսական շահերի հետ: «Հատկապես կարևոր է մեզ համար տեսնել այնպիսի քաղաքական պրոցես, որը նպաստի մեր ազգային շահերին»,- ասաց ՄԹ Եվրոպայի հարցերով պետական նախարարը: