10-09-2014 14:59

Որքան էլ Թուրքիան ճնշի, ֆրանսիացիները ընդունելու են Ցեղասպանության դատապարտման օրինագիծը.Շարմազանով

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով նախօրեին Հունաստանի խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, համոզմունք հայտնեց, թե այդ օրինագիծը դուռ է փակում նոր ցեղասպանությունների առջև: Այն դիտարկմանն, ըստ որի
այս օրինագծի ընդունումը կարող է նպաստել, որպեսզի Ֆրանսիայի խորհրդարանը առաջիկայում ևս նման օրինագիծ ընդունի, ԱԺ փոխնախագահն ասաց. «Հանդիպել եմ սոցիալիստների խմբակցության ղեկավարի հետ, ու նրանք վստահեցրել են, որ կողմնակից են, որպեսզի այդ օրենքն ընդունվի, քանի որ գտնում են, որ այս հարցում երկու կարծիք լինել չի կարող»,- նշեց նա ու ավելացրեց, որ որքան էլ լինեն ճնշումներ թուրքական կողմից, ֆրանսիացիները գնալու են այդ քայլին, դա իրենց քաղաքական կամքն է` ճանաչել դատապարտման օրինագիծը:
«Շատ ավելի լսելի է դառնում, երբ Հայոց ցեղասպանությունը ճանաչում են աշխարհի այլ երկրների խորհրդարանները: Առաջադեմ մարդկությունը հասկանում է, որ քանի դեռ օրենքով չի պատժել նրանց, ովքեր ժխտում են անհերքելին, ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վտանգ միշտ կա, որ դրանք կկրկնվեն: Իսկ նմանատիպ օրինագծերով մենք փակում ենք և’ դուռը, և’ պատուհանը, և’ երդիկը բոլոր ճկուն ճնշումների վրա»,-ավելացրեց նա: