Բավ է պառակտվել
06-05-2014 17:43

ՀՀ ԱԺ փոխնախագահը հիացած է սիրիահայերի՝ դժվարությունները հաղթահարելու կամքով

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 6-ին ընդունեց Սիրիայի հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանին եւ Հալեպում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Կարեն Գրիգորյանին:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին Սիրիայում տիրող իրավիճակին, սիրիահայության անվտանգության խնդիրներին, հայրենադարձ սիրիահայերի աջակցությանն առնչվող հարցեր:

Սիրիայի հայ ավետարանական համայնքի համայնքապետը, ներկայացնելով սիրիական պատերազմի արհավիրքներն ու դրանց հետեւանքները սիրիահայերի կյանքում, շնորհակալություն հայտնեց Հայաստանի ժողովրդին եւ երկրի նախագահին սրտացավ վերաբերմունքի եւ աջակցության համար: Նրա համոզմամբ՝ ազգային խնդիրների լուծումը հնարավոր է միայն ուժեղ հայրենիքի եւ կենսունակ սփյուռքի համատեղ ջանքերով ու միասնականությամբ:

Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ սիրիահայ համայնքը հայկական սփյուռքի առանցքային ու միասնական հատվածներից է, որը ազգապահպանության հիանալի օրինակ է եղել սփյուռքի մյուս գաղթօջախների համար: Նա հիացմունք հայտնեց սիրիահայերի՝ դժվարությունները հաղթահարելու անկոտրում կամքի համար եւ հավաստիացրեց, որ Հայաստանի իշխանությունները ջանք չեն խնայում դիվանագիտական տարբեր ճանապարհներով սատարելու Սիրիայում խաղաղության հաստատմանը: Էդուարդ Շարմազանովը պատրաստակամություն հայտնեց մասնակցելու սիրիահայերի՝ առաջիկա օրերի քննարկումներին, լսելու նրանց առաջարկները եւ հնարավոր ամեն ինչ անելու նրանց խնդիրները լուծելու համար:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի եւ ժխտողականության դեմ պայքարի հարցում ԱԺ փոխնախագահը կարեւորեց Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության դերը: Նա մտահոգություն հայտնեց, որ Թուրքիան այս անգամ արդեն այլ ձեւերով է շարունակում իրականացնել հայերի ցեղասպանությունը, եւ դրա ապացույցը իր բնօրրանից քեսապահայության տեղահանման փաստն է:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ սիրիահայ համայնքին առնչվող այլ հարցեր: