30-04-2014 21:42

Նախագահի ու վարչապետի պաշտոնին հավակնողների ուղին անցնելու է Մելիք-Ադամյան փողոցով.ՀՀԿ խոսնակ

Այսօր ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում վստահություն հայտնեց, որ ՀՀ-ում նոր քաղաքական իրավիճակ է հասունացել, որը կարծես դեռ բոլորը չէ, որ գիտակցում են: Վերջինիս խոսքով՝ նախագահ Սերժ Սարգսյանի՝ իշխանության ղեկն անձամբ ոչ մի ձևաչափում երրորդ ժամկետով չվերցնելու մասին հայտարարությունն իրականում խաղի նոր կանոնների հայտարարում էր, որը դեռ մինչեւ վերջ չի ընկալվել: «Նախագահն ասել է, որ այլեւս երբեք չի առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իր ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի՝ պառլամենտական կառավարման մոդելը, ապա չի հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին: Սերժ Սարգսյանը նաև նշել է, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում: Ինչպիսի սահմանադրական կառուցակարգերի վրա ընտրություն կայացվի, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այդ կանոններով կշարունակի իր ծանրակշիռ ու որոշիչ դերակատարությունը Հայաստանում»,- նշեց ԱԺ փոխնախագահը։
Շարմազանովի խոսքով, այս մեկ պարագրաֆի մեջ իրականում խտացված ու կանխորոշված է նոր քաղաքական իրականությունը, որն այսօր թելադրվում է ապագա տասնամյակի համար: Քաղաքական դաշտն անցնում է ցանցային/հորիզոնական կառավարման մոդելին, ինչը, ըստ Շարմազանովի, ալևս էապես նվազելու է մեկ մարդու դերը պետական կառավարման հիերարխիայում, եւ կտրուկ աճելու է քաղաքական կուսակցությունների դերը. «Այս իրողությունը չգիտակցած գործիչներն այս օրերին կաշվից դուրս են գալիս իրենց ապագայի մեջ դիրքավորելով, ինչը միայն ժպիտ կարող է առաջացնել: Նախագահ Սարգսյանը հստակ ամրագրել է իր համոզմունքը. գալիք տարիներին որոշիչ է լինելու հենց հանրապետականի ձայնը, ոչ թե որեւէ մեկ անհատի, որեւէ հայտնի գործչի, նախկին կամ ապագա ղեկավարի, այլ հենց կուսակցության ձայնը, Հանրապետական կուսակցության ձայնը»:
Է. Շարմազանովը նաև ընդգծեց, որ ակնհայտ է՝ մոտակա առնվազն մեկ տասնամյակում ՀՀԿ-ն իր չափերով, իր կազմակերպվածությամբ ու իր քաղաքական ռեսուրսով շարունակելու է մնալ առաջատարը քաղաքական դաշտում. «Իր հայտարարությամբ նախագահ Սարգսյանը հստակ ամրագրել է, որ պետական կառավարման ամենաբարձր օղակներում իրենց տեսնող մարդկանց համար պետության կառավարման ղեկին ձգտելու հիմնական, եթե ոչ միակ ճանապարհը Հանրապետական կուսակցությունն է: Եթե որեւէ մեկը գալիք տարիների ընթացքում հավակնում է նախագահի կամ վարչապետի պաշտոնին, ապա այդ ճանապարհն անցնում է Մելիք-Ադամյան փողոցով: Իսկ ո՞րն է պահի ամենաուշագրավ կողմը. դա հենց Սերժ Սարգսյանի կողմից ինքնաբացառումն է, ինչը նշանակում է, որ դաշտը բաց է ու մրցակցային, բայց այդ մրցակցությունը առաջին հերթին հանրապետականի ներսում է: Վստահ եմ, որ այս գործընթացների արդյունքում մի քանի տարվա ընթացքում մենք ունենալու ենք որակական նոր թռիչք ապրող Հանրապետական կուսակցություն և ուղեցույց այլ քաղաքական ուժերի համար»,-եզարափակեց ՀՀԿ խոսնակը: