26-11-2015 12:17

Ռուսաստանի միակ դաշնակիցը տարածաշրջանում Հայաստանն է. Ժիրինովսկի

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Ռուսական առաջին ալիքի «Политика с Петром Толстым» հաղորդման եթերում հայտարարել է, որ Ռուսաստանի միակ դաշնակիցը տարածաշրջանում Հայաստանն է և նշել է, որ հայերը կարող են զենքով գնալ ուղիղ դեպի Թուրքիա ու հասնել մինչև Ստամբուլ։ «Այստեղ հնչել է, որ ամենահավատարիմ դաշնակիցներն են Իրանը, Սիրիան, Հորդանանը։ Հորդանանը փոքր արաբական թագավորություն է, որն ընդհանրապես գոյություն չուներ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը: Ի՞նչ դաշնակից: Իրանը հզոր պետություն է... հենց մենք թույլ տվեցինք ՄԱԿ-ին երկարաձգել Իրանի դեմ պատժամիջոցները, Թեհրանի երիտասարդությունը դուրս եկավ փողոցներ՝ «Մա՛հ Ռուսաստանին» կոչերով: Դա ի՞նչ է, դաշնակի՞ց է: Մտածո՞ւմ եք՝ երբ խոսում եք: Այդ տարածաշրջանում միակ հավատարիմ դաշնակիցը, ով կկատարի ամեն ինչ, ինչ մենք ցանկանանք, Հայաստանն է։ Այ նրանք կանեն ամեն ինչ, միայն ասեք նրանց»,- ասել է Ժիրինովսկին։  Դահլիճից հնչած հակադարձությանը, թե հայերը ոչինչ չեն կարող անել, քաղաքական գործիչը պատասխանել է՝ «Ինչո՞ւ չեն կարող», և կոչ է արել զենք տալ հայերին: Հարցին, թե ուր գնան հայերը զենքով, Ժիրինովսկին պատասխանել է՝ «Ուղիղ դեպի Թուրքիայի սահման»։ «Թուրքական սահման, նրանք արդեն գնացել են և Թուրքիայի կեսը գրավել են, բոլշևիկները խանգարեցին, Լենինը զենքը տվեց Աթաթուրքին, զենքը պետք էր տալ հայերին»,- շարունակել է Ժիրինովսկին և պատասխանելով հաղորդման մասնակիցներից մեկի խոսքին՝ ասել. «Ուրիշի ձեռքերով, բայց ոչ քրդերի, քրդերն ունակ չեն»։ «Հայերն ամեն ինչ կանեն, միայն նրանց պետք է ասել՝ իրավո՛ւնք ունեք, մենք ձեր թիկունքին կանգնած ենք, ինչպես Ամերիկան և Իսրայելը՝ Թուրքիայի, մենք Հայաստանի թիկունքին կանգնած ենք, և Հայաստանը քրդերի հետ կհասնի մինչև Ստամբուլ»,- ասել է նա։  Հիշեցնենք, որ Ժիրինովսկին ավելի վաղ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեռուստահաղորդման եթերում խոսել էր Թուրքիայի կողմից Սու-24 ինքնաթիռի խոցման մասին և կոչ էր արել օգնել հայերին ազատագրել Արևմտյան Հայաստանը: «Թուրքիայի հարցերը լուծել է պետք, սակայն դա պետք է անել այլոց ձեռքերով: Հայերն ատում են թուրքերին, և եթե մենք թույլ տանք ազատագրել իրենց արևմտյան տարածքները, սիրով դա կանեն: Հայերը դա արդեն արած կլինեին 1918 թվականին, սակայն այդ ժամանակ Ռուսաստանը չօգնեց հայերին»,- ասել էր գործիչը։