05-04-2014 12:42

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամաբ

Երեկ Մոսկվայում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ ունեցած քննարկումից հետո հանդես են եկել հայտարարությամբ: Հայտարարութան մեջ ասվում է.
«Վիեննայում ապրիլի 3-ին, Մինսկի խմբի անդամների հանդիպումից հետո համանախագահները` Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) ապրիլի 4-ին, Մոսկվայում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը ևս մասնակցել է հանդիպմանը:
Համանախագահները վերահաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և խաղաղ լուծման ուղղությամբ աշխատելու իրենց հանձնառությունը: Նրանք քննարկել են նախագահների մակարդակով մոտ ապագայում հանդիպում կազմակերպելու հնարավորությունը և ընդգծել հիմնարար հարցերի առնչությամբ առաջընթաց արձանագրելու անհրաժեշտությունը:
Համանախագահները կրկին ընդգծել են տարածաշրջանում լարվածության թուլացման և խաղաղ գործընթացին աջակցելու ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը»: