07-04-2016 16:31

Դմիտրի Մեդվեդևը ժամանեց Երևան

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի օդանավը վայրէջք է կատարել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում: Նրան դիմավորել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու կառավարության այլ անդամներ: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի գլխավորած պատվիրակությունն ուղեւորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 ՌԴ վարչապետի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում են ՌԴ բնական պաշարների եւ էկոլոգիայի նախարար Սերգեյ Դոնսկոյը, ՌԴ շինարարության եւ բնակ-կոմունալ տնտեսության նախարար Միխայիլ Մենը, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովը, Սպառողների իրավունքների պաշտպանության եւ մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովան, ՌԴ տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ Ալեքսեյ Լիխաչեվը, ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլի Նեբենզյան, ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալ Սերգեյ Ստորչակը, ՌԴ էներգետիկայի նախարարի տեղակալ Անատոլի Յանովսկին, «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Իգոր Կոմորովը, «Գազպրոմ» ՀԲԸ խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը, պաշտոնատար այլ անձինք: ՀՀ կառավարությունում այսօր՝ ապրիլի 7-ին տեղի է ունենալու Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետների հանդիպումը, այնուհետեւ կայանալու է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն՝ ընդլայնված կազմով եւ մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրումը: Հովիկ Աբրահամյանն ու Դմիտրի Մեդվեդեւը լրատվամիջոցների համար հանդես կգան հայտարարությամբ: Նախատեսված է նաեւ Մեդվեդեւի հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ապրիլի 8-ին ՌԴ վարչապետը կմեկնի Բաքու: