Բավ է պառակտվել
14-11-2014 13:25

ՀՀԿ-ն հակված չէ ընտրական բարեփոխումներին.ՀՅԴ

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած խմբակցությունների ճեպազրույցների ընթացքում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, թե Հայաստանի հանրապետական կուսակցությունը հակված չէ 100%-անոց համամասնական ընտրակարգին անցնելուն: Այնուամենայնիվ, հավելել է նա, իշխանությունները ճիշտ կանեն հաշվի առնել. կարող է գալ օր, երբ ՀՀԿ-ն ստիպված կլինի նման համակարգը հռչակել միակ ճշմարիտը:
Պատգամավորը նշել է, որ երկար տարիներ հենց ՀՅԴ-ն է հետեւողականորեն պաշտպանել համամասնական ցուցակների ինստիտուտը: Նման տեսակետ է հնչեցրել նաեւ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը: «Նախագահականից խորհրդարանական կառավարման համակարգի անցնել պատրաստվող երկրների համար առաջարկվում է հենց 100%-անոց համամասնական համակարգ», - ընդգծել է Վարդանյանը: Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ խորհրդարանում ներկայացվել էր Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը, որը ներկայացրել են ոչ իշխանական ուժերի պատգամավորները: