Բավ է պառակտվել
12-09-2016 09:51

Կա ԼՂ հակամարտության սրացման ռիսկ՝ ամբողջ ծանր զինատեսակի կիրառմամբ.Ուորլիք

Մենք հույս ունենք, որ խաղաղ կարգավորման գործընթացը տարիներ չի տեւի, բայց, իհարկե, այս հարցով անսպասելի առաջընթաց սպասել չենք կարող։ Այս մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով հարցին, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում համաձայնության հասնելու համար որեւէ ժամկետներ կա՞ն, թե կարգավորումը կարող է տարիներ տեւել։

Ուորլիքի խոսքով՝ բանակցությունները ժամանակ եւ բազմաթիվ քննարկումներ են պահանջում. «Սակայն մենք առաջընթացի ուղի ունենք, կան կոնկրետ առաջարկներ։ Նախագահները ներգրավված են դրանում։ Ես չեմ կարող կանխատեսել, թե երբ կլինի կարգավորումը՝ վաղը, մեկ շաբաթից, մեկ ամսից, սակայն եթե նախագահները քաղաքական կամք գտնեն առաջ շարժվելու համար, կարգավորման բոլոր բաղադրիչները կան»։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք նրան չի թվում, որ կարող է ինչ–որ օգուտ լինել նրանում, որ այս հակամարտությունը պահպանվում է՝ երբեմն անց մտնելով սառեցման փուլ, երբեմն էլ՝ թեժ, Ուորլիքը նշել է, որ շատ մարդիկ այս խնդիրը սառեցված հակամարտություն են անվանում, հատկապես վերջին շրջանում, սակայն այն բոլորովին այդպիսին չէ։ Դա շատ ակտիվ հակամարտություն է։

«Ապրիլի սկզբին մենք տեսանք, թե որքան վտանգավոր կարող է լինել այն։ Երբ ես մի քանի տարի առաջ ստանձնում էի այս պաշտոնը, ամենամեծ վտանգը դիպուկահարներն էին ներկայացնում։ Եվ դա շատ ցավալի է, քանի որ շատ մարդիկ են սպանվել դիպուկահարների գնդակներից։

Այսօր իրավիճակը շատ ավելի վտանգավոր է, քանի որ մենք ականատես ենք լինում հրթիռների եւ այլ ծանր զինատեսակների առկայության։ Ապրիլին մենք տեսանք, թե որքան վտանգավոր դա կարող է լինել։ Կարծում եմ, որ կա հակամարտության սրացման ռիսկ՝ ամբող այդ ծանր զինատեսակի կիրառմամբ։ Կա ոչ թե պարզապես սրացման ռիսկ, այլ սխալ հաշվարկի ռիսկ, որը կարող է հանգեցնել բացասական հետեւանքների։ Այդ պատճառով ես հաստատ այս հակամարտությունը չէի անվանի սառեցված, ես այն կանվանեի շատ ակտիվ հակամարտություն, որը մեզնից հսկայական ուշադրություն է պահանջում։ Կարծում եմ, որ նրանք, ովքեր հակամարտությունը կառավարելի են համարում, սխալվում են։ Այդ պատճառով կարգավորման ուղիներ փնտրելը այն ոլորտն է, որտեղ Ռուսաստանը, ԱՄՆ–ը եւ Ֆրանսիան կարող են միասին աշխատել»,– ասել է Ուորլիքը։