15-07-2014 19:26

Վիետնամում Հայաստանի դեսպանը հանդիպել է փոխվարչապետին

 

 

Հուլիսի 14-ին Վիետնամում Հայաստանի դեսպան Ռաիսա Վարդանյանը հանդիպում ունեցավ Վիետնամի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Պհամ Բինհ Մինհի հետ:

Ողջունելով ՀՀ դեսպանին, Վիետնամի փոխվարչապետը եւս մեկ անգամ իր երկրի գոհունակությունը հայտնեց Հանոյում դեսպանություն բացելու ՀՀ ղեկավարության որոշման կապակցությամբ եւ ընդգծեց, որ այժմ Հայաստանն ու Վիետնամը հնարավորություն ունեն եւ պատրաստակամ են զարգացնել երկու պետությունների եւ ժողովուրդների միջեւ ձեւավորված բարեկամական կապերը:

Փոխվարչապետը շեշտեց, որ Վիետնամի ժողովուրդը երախտիքով է հիշում իրենց երկրի անկախության ձեռքբերման եւ երկրի կայացման գործում նաեւ հայ ժողովրդի ցուցաբերած աջակցությունն ու դերակատարությունը, եւ որ Վիետնամի ղեկավարությունն առանձնակի ուշադրություն է դարձնում ավանդական բարեկամական երկրների հետ հարաբերություններին: Անդրադառնալով 2012թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Վիետնամ կատարած այցին եւ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին` փոխվարչապետն ընդգծեց դրանց իրականացման կարեւորությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, մտքեր փոխանակվեցին համագործակցության սերտացման ուղիների շուրջ: Կրթության ոլորտում համագործակցության վերաբերյալ` դեսպան Վարդանյանը հայտնեց վիետնամցի ուսանողների համար ՀՀ բուհերում ուսանելու հնարավորություն ընձեռելու՝ ՀՀ կրթության նախարարության պատրաստակամության մասին:

Վիետնամի ԱԳ նախարարը երախտագիտություն հայտնեց հայկական կողմի առաջարկի համար՝ նշելով, որ Հայաստանում կրթություն եւ բարձր որակավորում ստացած բազմաթիվ վիետնամցիներ այսօր էլ կարեւոր պաշտոններ են զբաղեցնում երկրի կառավարման եւ տնտեսության տարբեր ոլորտներում: