Բավ է պառակտվել
14-04-2016 09:51

Եվրապատգամավորները կոչ են արել ճանաչել ԼՂՀ-ն

Ստրասբուրգում անցկացվող Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում երեկ տեղի ունեցավ «Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ» քննարկում, որի ընթացքում ելույթ ունեցած մի շարք պատգամավորներ կոչ արեցին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:
Նման հայտարարությամբ է հանդես եկել, մասնավորապես` Կիպրոսը ներկայացնող պատգամավոր Էլենի Թեոհարուսը` կոչ անելով ճանաչել ԼՂՀ-ն, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ. «Մենք պետք է պատժամիջոցներ կիրառենք Բաքվի նկատմամբ` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիա ցուցաբերելու համար: Դաժան իրադարձությունների արդյունքում նրանք ազատություն և ինքնորոշման իրավունք են ձեռք բերել, որը խնդրի միակ լուծումն է: Մենք պետք է ճանաչենք Լեռնային Ղարաբաղը և պատժամիջոցներ կիրառենք Ադրբեջանի նկատմամբ, ինչը խաղաղություն կբերի»:
Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆրանկ Էնգելը ևս դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան և հայտարարել է, որ հենց հիմա է ժամանակը` ԼՂ անկախությունը ճանաչելու համար. «Ադրբեջանը շատ երկար ժամանակ շարունակում էր խախտել հրադադարը: Ադրբեջանն այդպես վարվում է, քանի որ հավատում է, որ այդ տարածաշրջանում բոլոր հայերը պետք է անհետանան: Հենց սա է պատճառը, որ նա միշտ մերժել է այն ամենը, ինչ Մինսկի խումբն առաջարկել է: Իսկ Մինսկի խումբը կարող է առաջարկել միայն փոխզիջում, որն Ադրբեջանը չի ուզում»:
Կիպրոսը ներկայացնող մեկ այլ պատգամավոր Մավրիդիս Կոստասը կոչ է արել աշխատել սահմանային միջադեպերը հետաքննող մեխանիզմներ մշակել և պարտադրել կողմերին ներդնել դրանք. «Առանց այս մեխանիզմի կիրառման կողմերը կշարունակեն մեղադրել իրար հարձակումներ նախաձեռնելու հարցում: Հայաստանը համաձայնվել է քննարկել նման մեխանիզմի կիրառման մանրամասները, իսկ Ադրբեջանը հրաժարվել է»: