04-03-2015 15:37

Օսկանյանը լքում է խորհրդարանը և ոչ թե կուսակցությունը.ԲՀԿ

Վարդան Օսկանյանը թողնում է խորհրդարանը եւ ոչ թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Այս մասին մարտի 4-ին լրագրողներին հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ հավելելով, որ 2017թ. (հաջորդ խորհրդարանական ընտրությունները) սարերի հետեւում չէ , եւ Օսկանյանը կարող է իր նպատակներն ունենալ, սակայն այս հարցով դժվար է որեւէ բան ասել։ Պատգամավորը հաստատել է, որ Օսկանյանը որոշել է հրաժարվել պատգամավորական մանդատից, սակայն դա չի նշանակում, թե նա հեռանում է կուսակցությունից։ «Որքանով ես եմ տեղյակ, Օսկանյանը չի ասել, թե ցանկանում է թողնել կուսակցությունը։ Նա միայն հայտարարել է մանդատից հրաժարվելու մասին, սակայն կուսակցության շարքերը լքելու մասին ոչինչ չի հայտարարել»,-ասաց Մելքումյանը։ Նրա կարծիքով՝ նման կերպ Օսկանյանը ամենայն հավանականությամբ նշում է իր նոր գործունեության եզրագծերը։ «Հավանաբար նա ապագայի հետ կապված ինչ-որ որոշումներ ունի, քանի որ նման որոշումները հենց այնպես չեն կայացվում։ Եթե նա չի հայտնել կուսակցությունից հեռանալու մասին, նշանակում է, ցանկանում է շարունակել աշխատել նրա շարքերում»,- հայտարարեց պատգամավորը։