Բավ է պառակտվել
20-02-2015 12:36

Տեր-Պետրոսյանի հեղափոխությունն ավարտվեց Սերժ Սարգսյանին նամակ գրելով

Ես հիմա, անկեղծ ասած վերջին հայտնի իրադարձություններից հետո, ՀԱԿ-ի ղեկավար կազմից ամեն ինչ սպասում եմ: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Հարցին, թե տաօրինակ չէ՞, որ իշխանափոխություն պահանջող ուժերը չմիացան իր կողմից ներկայացված Սերժ Սարգսյանի իմպիչմենթ հայտնելու նախագծին, Փաշինյանը պատասխանեց. «Դուք իրադարձություններից հետ եք մնացել: Այն ուժերի մասին, որոնց մասին խոսում եք, իրենք արդեն մեծարգո Սերժ Սարգսյանին նամակներ գրող ուժեր ու քաղաքական գործիչներ են: Ես կարծում եմ, որ ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է բավարար կամք ունենար հայտարարելու, որ դեռեւս 2 տարի առաջ իր հայտարարած բուրժուադեմոկրատական հեղափոխությունը ավարտվելու է «մեծարգո Սերժ Սարգսյանին» ուղղված բաց նամակով»: Անդրադառնալով իր ներկայացրած նախագծին, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այս նախագիծն արդեն իսկ մեկ ամիս շրջանառության մեջ է եւ ես ուզում եմ հիշեցնել, որ ՀԱԿ խմբակցության պատգամավորները իրենց ողջ նախընտրական ելույթներում հայտարարել են, որ Ազգային ժողով են գալիս Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը հասնելու համար: Ես ասել եմ, որ թող Գագիկ Ջհանգիրյանը հենց այսօրվանից զբաղվի Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին գրագետ նախագիծ գրի, եւ ես առանց քննարկելու կողմ եմ քվեարկելու եւ ստորագրելու եմ այդ նախագծի տակ»: Անդրադառնալով ընդդիմության գործունեությանը, Փաշինյանը նշեց, որ պետք է ունենալ ինստիտուցիոնալ ընդդիմություն՝ հաջողության հասնելու համար: «Երբ մի անձը լիազորություն ունի որոշել 100 հազարների փոխարեն, միշտ ունենալու ենք այսպիսի ձախողումներ: Երբ կունենանք ընդդիմադիր ինստիտուցիոնալ համակարգ, որտեղ որոշումների կայացումը կախված չեն լինի 1-2 անձի քմահաճույքից կամ որոշումներից, կարող ենք հաջողություններ արձանագրել»: