Նոր կառավարությունն ունի նորովի աշխատելու բաղադրատոմսը, այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ ուղենշելով նոր կառավարության գործունեության հիմնական առանցքը:
Կառավարության ձևավորումը դեռ չի ավարտվել, բայց նրա առջև ծառացած հիմնական խնդիրներն արդեն տեսանելի են, հայտարարեց Արտակ Զաքարյանը: Իսկ նոր կառավարության գործունեության առաջնահերթ խնդիրներն, ըստ բանախոսի, կառավարման օպտիմալացումը, ներքին ռեսուրսների արդյունավետ կառավարումն են ու արտաքին ֆինանսական աղբյուրներից ՀՀ տնտեսության կախվածության վերացումը:
«Գնալով շատ ավելի բարդ է դառնում արտաքին վարկային և այլ ռեսուրսների գրավումը, որովհետև համաշխարհային տնտեսությունն ինքնին արդեն աճի շատ ցածր տեմպեր է գրանցում, հետևաբար մենք պետք է կարողանանք տնտեսության կառավարման տնտեսական և արդյունաբերական ռեսուրսների ճիշտ կառավարում, ներքին ֆինանսական ռեսուրսների արդյունավետ և նպատակային ուղղորդում իրականացնել»,- ասաց Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ սրանք լինելու են նոր կառավարության գործունեության գերխնդիրները:
Իսկ նոր կառավարության կազմը, վերանշանակված ու նորանշանակ նախարարների մասնագիտական կարողություններն Արտակ Զաքարյանին թույլ են տալիս կանխատեսել, որ կառավարությունը կարճ ժամանակում կկարողանա հասնել ոչ թե շոշափելի, այլ առայժմ գոնե տեսանելի արդյունքների: «Կառավարությունը պետք է պետական կառավարումն իրականացնի ոչ միայն քաղաքական և կուսակցական բաղադրատոմսերով, այլ առաջին հերթին արդյունավետ կառավարման լավագույն ճանապարհն ընտրելով»,- ասաց Զաքարյանը՝ հավելելով, որ իր կարծիքով ՀՀԿ-ի կողմից կառավարության կազմի և կառավարման մոտեցումների նորացումը միանգամայն համապատասխանում է երկրի ներսում ու դրա շուրջը ձևավորված իրավիճակին: Իսկ նոր կառավարությունը, պատգամավորի համոզմամբ, ոչ միայն նոր սպասելիքների մթնոլորտ է ապահովելու, այլև արդյունքներ: Հոկտեմբերի 3-ին կառավարության կազմն արդեն ամբողջական կլինի, նշանակված կլինեն բոլոր նախարարները: Իսկ դրանից հետո կառավարությունն ԱԺ-ին կներկայացնի իր գործունեության ծրագիրը: