Բավ է պառակտվել
06-03-2015 17:13

Պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հեռացավ ԲՀԿ-ի շարքերից

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ևս հեռացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից և գործունեությունը կշարունակի որպես անկախ պատգամավոր: Նրա հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է հետևյալը. «Ինձ ճանաչողները գիտեն, որ 2009 թ-ին, չլինելով կուսակցական հոգեբանության և մտածողության կրող, բայց թիմային աշխատանքի կողմնակից, կանգնելով Գագիկ Ծառուկյան անձի կողքին, թիմակիցներիս հետ մտել եմ Բարգավաճ Հայաստան կուսակցություն: Ես ու թիմակիցներս համամիտ էինք նրա գաղափարների և ծրագրերի հետ և օգնեցինք իրեն և կուսակցությանը իրականացնելու դրանք, որոնցից անցած 6 տարիներին շռայլորեն օգտվեցին Շիրակը եւ Գյումրին: Մենք բոլոր առիթներն օգտագործել ենք պարոն Ծառուկյանին մեր երախտագիտությունը և պատրաստակամությունը հայտնելու համար: 2012-ի խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ի օգտին մեր համաքաղաքացիների տված քվեն թերևս լավագույն հատուցումն էր կուսակցությանն ու նրա առաջնորդին մեր քաղաքի նկատմամբ ցուցաբերած տևական հոգածության դիմաց: Մենք Գագիկ Ծառուկյանի կողքին կանգնած ենք եղել անմնացորդ հավատով, վստահությամբ և նվիրումով Համաժողովրդական շարժման բոլոր փուլերում` պատրաստ ամեն ինչի և մինչեւ վերջ գնալու, իր կողքին մնալու վճռականությամբ: Հայաստանյան ներքաղաքական կյանքում ստեղծված նոր իրավիճակը ամենքիս համար լրջագույն մտորումների առիթ է: Գագիկ Ծառուկյանը, խուսափելով հնարավոր բախումներից և արյունահեղությունից, խաղաղության և կառուցողական գործողությունների կոչ արեց` դուրս գալով քաղաքական դաշտից: Ես ինքս էլ երբևէ արյունահեղության կողմնակից չեմ եղել, որպես ասածիս հավաստում պետք է հիշեմ Գյումրու հունվարյան դեպքերը, երբ ամեն ինչ արեցի, որ գյումրեցու, հայ մարդու արյուն չթափվի: Երեկ կուսակցության համագումարում Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց նաև ԲՀԿ նախագահի պաշտոնից: Ես պարոն Ծառուկյանի հետ դեպքերին հաջորդած օրերին քննարկել եմ ստեղծված իրավիճակը, նրանից տեղեկացել իր մտադրությունների մասին: Այնուհետև հանդիպել եմ թիմակիցներիս, Գյումրիում հեղինակություն և հարգանք վայելող մի շարք անձանց, այդ թվում` հոգևոր թեմի առաջնորդ Աջապահյանի հետ: Այս քայլերով էր պայմանավորված վերջին օրերի իմ լռությունը: Քննարկումներիս արդյունքում եմ հանգել որոշման. ես դուրս եմ գալիս Բարգավաճ Հայաստան կուսակցության շարքերից` պահպանելով ընկերական հարաբերություններ Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ական գործընկերներիս հետ»: