Բավ է պառակտվել
11-05-2016 14:11

Պատգամավոր. Հայաստանը կարող է զենք արտադրել

Սպառազինությունների այն տեսակները, որոնք Ռուսաստանը չի կարող առաքել Հայաստան, կարելի է գնել ուրիշ երկրներից, կարծում է Ռուստամյանը
Հայաստանը կարող է զբաղվել զենքի արտադրությամբ, լրագրողներին ասաց ՀՅԴ խմբակցության առաջնորդ Արմեն Ռուստամյանը։

«Մենք կարող ենք զենք արտադրել։ Իսկ ակադեմիկոսներն իրենք պետք է այնպես անեն, որ մենք ժամանակակից զենք ունենանք։ Դա նրանց կոչումն է` պաշտպանել իրենց երկիրը»,- ասաց Ռուստամյանը` մեկնաբանելով Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավար Ռադիկ Մարտիրոսյանի այն հայտարարությունը, թե Հայաստանի նման «քոսոտ» երկիրը չի կարող զենք արտադրել և արտահանել, քանի որ այդ դեպքում «մեր քթին կտան»:

Նա մեջբերեց Ռաֆայել Պատկանյանի խոսքերը. «Եթե հայ ժողովուրդը ձեր գիտությունից օգուտ չունի, ապա թքել եմ ձեր վրա էլ, ձեր գիտության վրա էլ»։

Նրա խոսքով` Հայաստանը կարող է անհրաժեշտ զենք գնել նաև այլ երկրներից, եթե դա չի կարող տալ Ռուսաստանը։

Անդրադառնալով զենք գնելու հետ կապված ռուսական վարկին` նա նշեց, որ առաքումները պետք է վաղուց իրականացվեին, քանի որ տեխնիկական հարցերը չպետք է արգելք հանդիսանան պայմանավորվածությունների կատարմանը։

Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանը դժգոհ չէ Ռուսաստանի քաղաքականությունից։
«Մեր ռազմավարական դաշնակիցը հիմա մեզ այնքան է աջակցում, որքան պետք է։ Մենք դժգոհ չենք մեր ռազմավարական դաշնակիցներից»,- ասաց Ռուստամյանը։
Մեկնաբանելով հասարակության շրջանում առկա դժգոհության հարցը` պատգամավորը նշեց, որ չպետք է ընկնել ծայրահեղության մեջ։
«Մենք մեր ռազմավարական գործընկերոջը` Ռուսաստանին, չենք ասում, որ զենք չվաճառի Ադրբեջանին։ Մենք ասում ենք, որ վաճառքը չպետք է խախտի ուժերի հավասարակշռությունը»,- ընդգծեց Ռուսաստանը։
Նրա խոսքով` Ադրբեջանը, Ռուսաստանից բացի, զենք է գնում նաև մի քանի այլ երկրներից, իսկ Հայաստանը` միայն Ռուսաստանից, ու երբ Ռուսաստանը որոշում է զենք վաճառել Ադրբեջանին, պետք է հաշվի առնի, թե չի խախտվել արդյո՞ք հավասարակշռությունը, առավել ևս, որ ՌԴ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ է հանդիսանում։