Բավ է պառակտվել
22-04-2015 14:44

Գալուստ Սահակյանը հանդիպել է Լիբանանի խորհրդարանի պատվիրակության հետ

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ընթացքում ապրիլի 22-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան այցելած Լիբանանի խորհրդարանի պատվիրակությանը: Պատվիրակության կազմում է նաեւ Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սերժ Թուրսարկիսյանը: Այս մասին տեղեկացնում է ԱԺ լրատվական ծառայությունը: Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին, երախտագիտություն է հայտնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին Լիբանանի խորհրդարանի պատվիրակության մասնակցության համար: Կողմերը քննարկել են Ցեղասպանության ճանաչմանը, դատապարտմանն ու Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը վերաբերող հարցեր: Իր խոսքում ՀՀ ԱԺ նախագահը մասնավորապես նշել է, որ ցեղասպանությունների եւ մյուս ոճրագործությունների կանխարգելման հիմնական միջոցը դրանց ճանաչումն ու դատապարտումն է: Նա նշել է նաեւ, որ այս օրերին Հայաստանն ու Հայոց ցեղասպանությունն ավելի ճանաչելի դարձան աշխարհի համար. դրա վառ վկայությունը Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված միջազգային արձագանքներն են: Գալուստ Սահակյանը, խոսելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ժխտման մասին, նշել է, որ Հայաստանի պայքարն այնքան կտեւի, որքան անհրաժեշտ կլինի հատուցման հասնելու համար: