Բավ է պառակտվել
07-04-2014 16:57

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը հանդես է եկել Քեսաբի վերաբերյալ հայտարարության տեքստով

Այսօր Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում Հայաստանի պատվիրակության անդամները հանդես են եկել Քեսաբում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հայտարարության տեքստով։ Ստրասբուրգում ՀՀ պատգամավոր Նաիրա Կարապետյանն ասաց, որ փաստաթղթով ՀՀ պատվիրակությունը ցանկանում է ԵԽԽՎ-ի ուշադրությունը հրավիրել Քեսաբի դեպքերին։ «Գրավոր տեքստում կոչ է արվում Թուրքիայի իշխանություններին՝ իրենց տարածքը չտրամադրել ահաբեկչական կազմակերպություններին, քանի որ, ինչպես գիտենք, Քեսաբի վրա հարձակումը տեղի է ունեցել հենց Թուրքիայի տարածքից։ Փաստաթղթին միացել են արդեն մի շարք երկրներ՝ տարբեր քաղաքական խմբերից, և մինչև օրվա վերջ անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ կհավաքվի»,-ասաց Նաիրա Կարապետյանը։ Նշենք, որ անհրաժեշտ է, որպեսզի հայտարարության տակ ստորագրեն 20 պատգամավորներ՝ 4 տարբեր երկրներից և 2 քաղաքական խմբերի ներկայացուցիչներից։ Ստորագրությունների ամբողջացումից հետո այն կդառնա Եվրոպայի խորհրդում գրանցված փաստաթուղթ։ Այսօր ԵԽԽՎ-ում կայանալիք ազատ քննարկման ժամանակ ՀՀ պատվիրակության անդամները ևս մեկ անգամ կբարձրաձայնեն Քեսաբում տեղի ունեցած դեպքերի մասին։