Բավ է պառակտվել
21-04-2015 08:59

Դավութօղլուն ապրիլի 24-ին ընդառաջ ուղերձ է հղել

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ապրիլի 24-ին ընդառաջ հայերին ուղղված ուղերձով է հանդես եկել, որը տեղ է գտել Թուրքիայի կառավարության պաշտոնական կայքում, ապա ակտիվորեն տարածվել թուրքական լրատվամիջոցներում:

Դավութօղլուն շարունակել է 2014 թվականին՝ Թուրքիայի ներկայիս նախագահ Թայիփ Էրդողանի վարչապետության օրոք հիմք դրված «ուղերձների քաղաքականությանը»՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ ուշագրավ հայտարարությամբ հանդես գալով:

Դավութօղլուն իր ուղերձում նշել է, որ «այս անգամ ևս իրենք հարգանքով հիշում են 1915-ի աքսորի ժամանակ իրենց կյանքը կորցրած Օսմանյան կայսրության հայերին, կիսում նրանց երեխաների և թոռների ցավը»:

Աննշան կրճատումներով ներկայացնում ենք Դավութօղլուի ուղերձը.

«Օսմանյան կայսրության հայերի հիշատակին և հայկական մշակութային ժառանգությանը տեր կանգնելը Թուրքիայի համար պատմական և մարդկային պարտականություն է: Այս իմաստով էլ այս տարի ապրիլի 24-ին Պոլսո հայոց պատրիարքարանի կողմից մատուցվելիք ծիսական արարողությամբ Օսմանյան կայսրության հայերի հիշատակը հարգվելու է նաև Թուրքիայում, ինչպես և անելու են ողջ աշխարհում: Ինչպես մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր ասում 2014 թվականի ապրիլի 23-ին արված իր ուղերձում՝ «Թուրքիայի և Հայաստանի միասնական, իրար հարիր արարողությամբ» Օսմանյան կայսրության հայերի հիշատակը շատ ավելի իմաստալից կլիներ:

Հավատում ենք, որ այս հասուն և բարի դիրքորոշումը կարող է իրագործվել, երբ պատմությունը չդառնա քաղաքական գործիք:

Այսօր էլ, պատմական պատասխանատվության և մարդկային պարտականությունների անհրաժեշտությամբ, առանց ցավերի միջև տարբերություն դնելու, 100 տարի առաջվա դեպքերի ժամանակ կյանքից հեռացածների հիշատակը հարգում ենք: Մյուս կողմից, մեր ցավերը մեղմացնելու համար մահացածներին հիշելու պես հավատում ենք, որ անցյալի հետ արդար ձևով առերեսվելը կարևոր է:

Հնարավոր է պարզել Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցածի պատճառներն ու պատասխանատուներին:

Այն, որ ամեն ինչը մեկ բառի հավասարացնելը, պատասխանատվությունը ընդհանրացնելու ճանապարհով միայն թուրք ազգի վրա դնելը, անգամ դրան ատելության խոսք կցելը խնդիրներ է հարուցում և իրավունքի, և խղճի տեսանկյունից։ Հարյուր տարի առաջ թուրք և մուսուլման օսմանացիների ապրած աքսորի ու կոտորածների խորին հետքերն այսօր էլ են նրանց մտքերում։ Այս իրականությունն անտեսելը, ցավերի մեջ տարբերություն դնելը, ինչպես պատմության, այնպես էլ խղճի տեսանկյունից անընդունելի է։

Ընդ որում, անցյալ տարիները մեզ ցույց տվեցին, որ բախվող հիշողություններն իրար դեմ դուրս բերելը արդյունքի չեն հանգեցնում։

Այս ամենի շրջանակներում անհրաժեշտ է օսմանյան բոլոր քաղաքացիների հիշատակին և խղճին հարգանք ցուցաբերել, նրանց ձայնին ականջ դնել: Իսկությանը հասնելու համար արդար հիշողությունը, կարեկցանքը, հարգալից խոսքը, հասկանալի և օբյեկտիվ հայացքը բավարար են:

Թուրքիան բոլոր այս տեսակետներն ազատ քննարկելու, վիճարկելու, ամեն տիպի փաստաթուղթ և տվյալ ուսումնասիրելու ազատ միջավայր է ստեղծել, համատեղ ապագա ստեղծելու նպատակի ուղղությամբ դրական քայլեր է անում:

Որպես 100 տարի առաջ ուրախությունն ու տխրությունը, նույն ճակատագիրը միասին կիսած երկու ժողովրդի թոռներ՝ մեզ վրա ընկած ընդհանուր պատասխանատվությունն է 100 տարվա վերքերը բուժել, մարդկային կապերը նորից հաստատել:

Թուրքիան, այս պատասխանատվությանն անտարբեր չմնալով, բարեկամության և խաղաղության համար շարունակելու է անել ձեռքից եկածը:

Բոլոր երրորդ կողմերին կոչ ենք անում պատմական վերքերը բացելու փոխարեն արդար հիշողության և համատեղ խաղաղ ապագային ուղղված մոտեցում ցուցաբերել:

Այս զգացումներով և մտքերով, 1915 թվականին, աքսորի ժամանակ կյանքից հեռացած Օսմանյան կայսրության հայերի հիշատակը ևս մեկ անգամ հարգում ենք, կիսում ենք նրանց զավակների և թոռների վիշտն ու ցավը»,-իր ուղերձում նշել է Թուրքիայի վարչապետը:

Դավութօղլուն իր ապրիլքսանչորսյան ուղերձում նաև հիշատակել է այս տարի Հրանտ Դինքի սպանության տարելիցի ժամանակ իր հայտարարությունը: