Բավ է պառակտվել
13-05-2015 11:48

Դավութօղլուն օրը 5 անգամ զանգահարում է Մերկելին՝ խնդրելով չճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ցեղասպանություն փաստի ճանաչումը մարդ լինելու չափանիշն է: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում այսպիսի հայտարարություն արեց գերմանաբնակ թուրք մտավորական, Համբուրգի երկրամասի պառլամենտի ձախերի խմբակցության ներկայացուցիչ Հասան Բուրգուջուօղլուն:  Նշենք, որ պատգամավորը Թուրքիայից փախել է իր հայացքների համար և բնակություն հաստատել Գերմանիայում: «Ես էլ եմ մեղսագործության մեջ մեղավոր, քանի որ իմ նախնիները նույնպես մասնակցել են ցեղասպանությանը: Ցեղասպանությունն այժմ ևս շարունակվում է, Արևմտյան Հայաստանի տարածքում ապրող մարդիկ ապրում են այնպես, ինչպես դա չի եղել»,-ասաց Հասան Բուրգուջուօղլուն: «Թուրքիայի արևելյան հատվածը, այսինքն՝ Արևմտյան Հայաստանը, Օսմանյան կայսրության ամենազարգացած վայրն էր: Թուրքիան այսօր էլ դեռ չի հասել այն մակարդակին, ինչ կար Արևմտյան Հայաստանում մինչև 1915 թվականը»,-հայտարարեց պատգամավորը՝ հավելելով. «Թուրքիայի կառավարությունը պետք է ընդունի Հայոց ցեղասպանությունը»:  Պատգամավորի խոսքով՝ Բունդեսթագում շրջանառվող օրինագծում «ցեղասպանություն» բառը գոյություն չունի և շատ լղոզված է. «Թեև իմ կուսակցության ներկայացրած հայտարարությունում «ցեղասպանություևն» եզրույթն առկա էր»:  Ի դեպ, բանախոսը հետաքրքիր հայտարարություն արեց, նշելով. «Դավութօղլուն վերջին ժամանակներում օրը հինգ անգամ զանգահարում է Անգելա Մերկելին, խնդրելով չճանաչել Հայոց ցեղասպանությունը: Թուրքական կառավարության համար դա շատ կարևոր է, բայց ի վերջո, իրերը պետք է կոչել իրենց անուններով, դա ցեղասպանություն է»: