Բավ է պառակտվել
06-05-2015 12:57

Պատրաստ ենք բաց քննարկել 1915-ի դեպքերը, բայց ոչ մի ուժի առաջ գլուխ չենք խոնարհելու. Դավութօղլու

Արդահանում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ուղերձով դիմել է հայերին, վրացիներին և ադրբեջանցիներին ու հայտարարել, որ Կովկասի խաղաղության համար Թուրքիան ամեն ինչ անում է։:  «Այս սահմանային քաղաքից ուզում եմ ուղերձ հղել բոլոր կովկասցիներին, հայերին, վրացիներին ու ադրբեջանցիներին։ Կովկասի խաղաղության անհրաժեշտության համար ամեն ինչ անում ենք», – ասել է Դավութօղլուն։ Թուրքիայի վարչապետը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային, ընդգծել է. «1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ թեև պատրաստ ենք բաց քննարկել պատմական իրադարձությունները, սակայն այս հարցում ամուր կանգնած ենք, ոչ մի ուժի առաջ գլուխ չենք խոնարհելու»։ Պաշտոնական Անկարան վերջին տարիներին փոխել է մարտավարությունը՝ փորձում է խիստ ժխտումից անցում կատարել ավելի ժամանակակից և արդյունավետ միջոցների, այն է՝ Ցեղասպանությունը կոչել այլ բառերով: Թուրքական կողմն ակտիվորեն կիրառում է «ընդհանուր ցավի» թեզը, ըստ որի՝ «Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի են ունեցել ցավալի դեպքեր, որին զոհ են գնացել ոչ միայն հայերը, այլ նաև թուրքերն ու այլ մուսուլմաններ, իսկ այդ ցավը բոլորինն է»։ Այսպիսով՝ Թուրքիան խուսափում է հայերի զանգվածային կոտորածներն ու հայրենազրկումը կոչել ցեղասպանություն, ինչպես նաև փորձում է հայերի «ցավը» տեղավորել Առաջին աշխարհամարտի շրջանակներում և հավասարեցնել թուրքերի կորուստներին, ինչը որևէ աղերս չունի իրականության հետ: