27-02-2015 11:49

Դաշնակցությունը չի բացաում իր կոալիցիա մտնելու հավանականությունը

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե արդյո՞ք ՀՅԴ-ն ժողովրդավարական գործընթաց է համարում Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումն ու հետագա զարգացումները:
«Մենք դա համարում ենք ստեղծված վիճակում լավագույն արդյունքը»,-ասաց Արմեն Ռուստամյանը, սակայն շեշտեց, թե իրենք միշտ են ասել, որ երկրում վաղուց ժողովրդավարական վիճակներ չկան:
«Դա վաղուց հայտնի է, և մեր նպատակն է երկրում ստեղծվի ժողովրդավարական համակարգ»,-հայտարարեց պատգամավորը:
Արմեն Ռուստամյանը նկատեց, որ այն, ինչ միջանձնային հարաբերություններում տեղի է ունենում, ստեղծված համակարգի արդյունքն է, որից դուրս գալ չի հաջողվում արդեն երկու տասնամյակ:
«Եթե 4-րդ նախագահն էլ գա, նույն այս համակարգով նույն խնդիրներն առաջանալու են, քանի որ այս համակարգը մեծ ռիսկ է պարունակում՝ արյունահեղություններ, իշխանությունները փոխելու համար առճակատումների հնարավորություններ։ Դրա համար ասում ենք՝ այնպիսի համակարգ լինի, որ ընտրությունների միջոցով իշխանությունները փոխենք»,-ասաց նա և հավելեց, թե ունենք այն, ինչ ունենք և լավ է, որ հնարավոր եղավ խուսափել արյունահեղությունից։
Ի վերջո, արդեն ժամանա՞կը չէ կոալիցիա մտնելու, մանավանդ որ ՀՅԴ-ի ծրագրերին համահունչ քայլեր արվում են, ՀՅԴ պատգամավորը պատասխանեց, թե անտրամաբանական է, որ չհամագործակցեն, եթե իրենց առաջարկները լուծում ստանան:
«Դա կնշանակի, որ ինքդ համոզված չես քո առաջարկների մեջ, կամ կադրային բանկ չունես, որ այդ առաջարկներդ իրացնես: Բնականաբար, այդ ուղղությամբ դրական, ոգևորող քայլեր են կատարվում, բայց ամբողջական պատկերը դեռ չունենք՝ քաղաքական կամքի ուղղությամբ, որ 7 կետերի դեպքում կիրականացվեն քայլեր։ Եթե կլինեն, այո, Դաշնակցությունը ցանկացած կարգավիճակով կհամագործակցի»,-ասաց նա: