04-08-2015 12:07

Գլենդելի քաղաքային խորհրդի անդամները հանդիպել են Երևանի ավագանու անդամների հետ

Համահայկական ամառային 6-րդ խաղերի առիթով Երևան ժամանած ԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամներ Վարդան Կարպետյանն ու Պաուլա Դիվանեն հանդիպել են Երևանի ավագանու հանրապետական խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանի և խմբակցության անդամ, ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության ատենապետ Հրաչյա Շմավոնյանը:
Ողջունելով Գլենդելի պատվիրակության անդամներին՝ Սերգեյ Մկրտչյանն ու Նաիրա Նահապետյանը նրանց համառոտ ներկայացրել են Երևանի կառավարման մոդելը, առաջնահերություններն ու ծրագրերը: Ներկայացվել են նաև Երևանի ավագանու կառուցվածքն ու գործունեությունը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Կարպետյանն իր հերթին ներկայացրել է Գլենդելի կառավարման մոդելն ու ռազմավարությունը` նշելով, որ քաղաքային խորհուրդը բաղկացած է 5 անդամից, որոնցից էլ ընտրվում է քաղաքապետը: Վերջինս թվարկել է նաև այն բոլոր կրթամշակութային միջոցառումները, որոնք միտված են հայապահպանության գաղափարին: Խոսելով Երևանի մասին տպավորություններից՝ Վարդան Կարպետյանը հատկանշել է, որ տպավորված է մայրաքաղաքի կանաչապատումով և նախորդ այցերի համեմատ նկատված դրական մի շարք զարգացումներով: Նաիրա Նահապետյանը շնորհակալություն է հայտնել Գլենդելի հայ համայնքի հանդեպ տածած ուշադրության ու իրականացվող ծրագրերի համար: Կողմերը նաև պատրաստակամություն են հայտնել Երևանի և Գլենդելի փոխգործակցությունը առավել առարկայական դարձնելու վերաբերյալ և նախանշել համագործակցության մի շարք ուղղություններ: Հանդիպման ավարտին Սերգեյ Մկրտչյանն ու Նաիրա Նահապետյանը հաջողություն են մաղթել Գլենդելի թիմին`համահայկական ամառային 6-րդ խաղերում: