28-09-2015 12:54

Չկան լծակներ՝ ԼՂՀ-ն բանակցային գործընթաց վերադարձնելու համար. Ս. Մինասյան

Այսօր պատասխանելով Gisher News-ի թղթակցի հարցին, արդյոք անհրաժեշտություն չկա՞ բանակցային սեղան վերադարձնել Արցախի հանրապետությանը, և ի՞նչ լծակներ կարելի է կիրառել դրա համար՝ քաղաքագետ Սերգեյ Մինասյանն ասաց. «Իհարկե անհրաժեշտություն կա, բայց մենք պետք է իրատես լինենք և հասկանանք, որ Ադրբեջանը դրան չի գնա: Փաստացի, այն բանակցային գործընթացին, որը կա արդեն առնվազն 15 տարի՝ Իլհամ Ալիևի շրջանում, միայն Հայաստանն է մասնակցում: Այս պահին ես չեմ կարծում, որ Ադրբեջանը պատրաստ է բանակցային գործընթաց ԼՂՀ-ի վերադարձին, մյուս կողմից չեմ տեսնում, թե քաղաքական ասպարեզում ինչ լծակներ կարելի է կիրառել դրա համար: Իհարկե կարելի է դուրս գալ Մինսկի խմբի գործընթացից, բայց մենք դրանից ավելի շատ կկորցնենք, քան կշահենք: Չնայած դրան, եթե այս բանակցային գործընթացը մյուս փուլ անցնի՝ ԼՂՀ-ն պետք է անպայման ներգրավվի: Հենց դա է պատճառը, որ Ադրբեջանը հրաժարվում է նույնիսկ «մադրիդյան սկզբունքների» ներածական մասն ընդունել: Հետևաբար, այս պահին ես չեմ տեսնում, թե ինչ կերպ է հնարավոր ԼՂՀ-ն վերադարձնել բանակցայաին գործընթաց: Դա նշանակում է, որ գոնե տեսանելի ապագայում այդ բանակցային գործընթացը միտված կլինի միայն շփման գծում լարվածության մեղմմանը: Ավելի լուրջ քայլերի մենք այս պահին չենք կարող գնալ»:

Մարինե Բարսեղյան