Բավ է պառակտվել
15-12-2016 14:21

Ապօրինաբար հարստացած պաշտոնյաներին Հայաստանում բանտ կնստեցնեն

Հինգշաբթի օրը Հայաստանի Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որը նախատեսում է պաշտոնյաների ապօրինի հարստացման քրականացում:
Մասնավորապես, օրինագծի լրացված տարբերակում առաջարկվում է քրեական պատասխանատվության ենթարկել այն պաշտոնյաներին, որոնց ապօրինի ստացած եկամուտը 5 մլն դրամից (մոտ 10 հազար դոլար) ավելի է:
Ներկայացնելով օրինագծի լրացումները, ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ 5 մլն դրամը առավելագույն շեմ է հանդիսանում, բայց 1 մլն դրամից ավել հարստացումը արդեն իսկ ուշադրություն կգրավի պաշտոնյայի հանդեպ:
« Ապօրինի կհամարվեն օրինական եկամուտները զգալիորեն գերազանցող և պատշաճ կերպով չհիմնավորված եկամուտները»,- ասել է Ա. Հովհաննիսյանը:
Բացի այդ, պաշտոնյաների՝ երկու միլիոն դրամը գերազանցող բոլոր գործարքները պետք է արվեն անկանխիկ ճանապարհով.« Դա թույլ կտա ավելի թափանցիկ դարձնել բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտները»,- նշել է նախարարը:
Համաձայն օրինագծի, ապօրինի հարստացման համար նախատեսված է պատիժ՝ երեքից վեց տարվա ազատազրկման տեսքով, և հետագայում մի շարք պաշտոններ զբաղեցնելու արգելքով ու գուքի բռնագրավմամբ: Օրենքը նախատեսվում է ուժի մեջ մտցնել 2017 թվականի հուլիսի 1-ից:
«Ամենից վիճելին ապացույցների և անմեղության կանխավարկածի պահպանմանը վերաբերվող հարցերն են: Իրավասու մարմինները պետք է ապացուցեն ապօրինաբար հարստացման փաստը, ինչից հետո պաշտոնյային կտրվի իր փաստարկները ներկայացնելու հնարավորություն: Եթե դա տեղի չունենա, ապա քրեական գործ կհարուցվի»,- ասել է Հովհաննիսյանը:
Նա հավելել է, որ օրենքը հետադարձ ուժ չի ունենա, քանի որ դա հակասում է Սահմանադրությանը:
Օրինագծի փոփոխությունները ենթադրում են պաշտոնյաների եկամուտների պարտադիր հայտարարագրում:
Ինչպես նշում է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Այս օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել»:
« Հայաստանի իշխանություններն ունեն քաղաքական կամք՝ ապօրինաբար հարստացման դեմ պայքարելու համար: Կարևոր է, որպեսզի օրենսդրական այս բարեփոխումը կանխի ամեն տեսակի չարաշահումները: Այս հարցում ես ևս մաքսիմալիստ եմ: Այս բարեփոխումները պետք է շարունակություն ունենան, բայց չվերածվեն գործիքի՝ քաղաքական հետապնդումների համար»,- ասել է Շարմազանովը: