14-02-2014 13:49

Քաղաքապետն ընդունել է ՉԺՀ կոմունիստական կուսակցության պատվիրակությանը

Երևանի և Պեկինի միջև հաստատված համագործակցության ծրագրերի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմունիստական կուսակցության պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ:
ՙՀատկանշական է, որ հայ-չինական հարաբերությունների համատեքստում երկու մայրաքաղաքների միջև ստորագրվել է համագործակցության վերաբերյալ հուշագիր, որը առաջինն էր Հայաստանի և Չինաստանի քաղաքների պատմության մեջ, և մենք արդեն ունենք արդյունքներ այդ համագործակցության շրջանակում։ Համոզված եմ, որ այս համագործակցությունը էլ ավելի կընդլայնվի՝ ընդգրկելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ, թե փորձի փոխանակման, թե կոնկրետ ծրագրերի շրջանակներում՚,-ընդգծել է Տարոն Մարգարյանը և հույս հայտնել, որ Չինաստանի այլ քաղաքների հետ ևս կծավալվի համագործակցություն ։
ՉԺՀ-ն կոմունիստական կուսակցության պատվիրակության ղեկավար Չժոու Լին իր հերթին պատրաստակամություն է հայտնել ըստ ամենայնի օժանդակելու երկու մայրաքաղաքների միջև գործակցային հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը: ՙՄենք ևս կարևորում ենք Երևանի հետ հարաբերությունների էլ ավելի ընդլայնումն ու խորացումը, և ես վստահեցնում եմ Ձեզ, որ մեր կողմից կարվի հնարավորը, որ երկուստեք համագործակցություն հաստատվի նաև Երևանի և Չինաստանի այլ քաղաքների միջև նույնպես՚,-նշել է Չժոու Լին:
Կարևորելով քաղաքային տնտեսության կառավարման հարցում փորձի փոխանակման անհրաժեշտությունն ու շնորհակալություն հայտնելով համագործակցության պատրաստակամության համար` Երևանի քաղաքապետը առանձնացրել է այն ուղղությունները, որոնք կարող են արդյունավետ լինել գործակցությունն ընդլայնելու համար.ՙՔաղաքների զարգացման հարցում տնտեսապես զարգացած երկրների հետ համագործակցության հաստատումն ու ընդլայնումն իսկապես կարևոր է: Երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների շարունակական զարգացման սկիզբն արդեն դրված է: Վստահեցնում եմ, որ մենք բաց ենք համագործակցության համար և պատրաստ քննարկելու կոնկրետ առաջարկներ` այն էլ ավելի ընդլայնելու ու գործնական փուլ տեղափոխելու համար՚,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: