Բավ է պառակտվել
23-10-2014 15:14

Կանանց Համաչինական ֆեդերացիայի պատվիրակությունն Ազգային ժողովում

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Հեղինե Բիշարյանը, Էլինար Վարդանյանը, Մարգարիտ Եսայանը, Ռուզաննա Մուրադյանը եւ Կարինե Աճեմյանը հոկտեմբերի 23-ին հանդիպել են Կանանց Համաչինական ֆեդերացիայի պատվիրակությանը՝ ՉԺՀ Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական Ժողովի անդամ, Կանանց Համաչինական ֆեդերացիայի նախագահի տեղակալ եւ քարտուղարության անդամ Յուի Խունցյուի գլխավորությամբ: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ողջունել է հյուրերի այցը Հայաստան եւ կարեւորել միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումն ու ամրապնդումը, երկկողմ շփումները: Նա նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ բազմակողմ համագործակցության խորացմանը: Նա ընդգծել է, որ Հայաստանի խորհրդարանում իր գլխավորությամբ արդյունավետ գործում է Հայաստան-Չինաստան բարեկամական խումբը: Տիկին Նաղդալյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների, մասնավորապես խորհրդարանական կանանց առավել սերտ համագործակցությունը տարբեր ոլորտներում, փոխայցերը, ինչը, ըստ նրա, հնարավորություն կընձեռի գտնելու համագործակցության նոր ուղիներ ու ձեւաչափեր: Հայաստանում կանանց դերի ու նշանակության, քաղաքական գործընթացներում նրանց մասնակցության եւ խորհրդարանում ներկայացվածության համատեքստում տիկին Նաղդալյանն անդրադարձել է գենդերային հավասարությանն առնչվող օրենսդրությանը, կանանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների գործունեությանը: Հայաստանի խորհրդարանը ներկայացնող կին պատգամավորներն իրենց խոսքում եւս կարեւորել են երկու երկրների կին խորհրդարանականների ակտիվ համագործակցությունը, ինչպես նաեւ ներկայացրել են հայ կնոջ դերակատարությունը մեր երկրի հասարակական-քաղաքական գործընթացներում: Կանանց Համաչինական ֆեդերացիայի նախագահի տեղակալ եւ քարտուղարության անդամ Յուի Խունցյուն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ համոզմունք հայտնել, որ նման հանդիպումներն առավել նպաստում են համագործակցության խորացմանը: Նա համառոտ ներկայացրել է նաեւ Չինաստանի քաղաքական եւ լոկալ իշխանություններում կանանց ներգրավվածության տվյալները, ըստ որոնց միայն գյուղական համայնքներում կանանց թիվը կազմում է մոտ 93 տոկոս, իսկ խորհրդարանում՝ 23 տոկոս: Տիկին Խոնցյուի համոզմամբ՝ սա արդեն մեծ ուժ է եւ վկայում է, որ կանանց դերն ու գնահատականը աշխարհում աստիճանաբար աճում է: Կողմերը քննարկել են նաեւ երկու երկրների հասարակական եւ քաղաքական ակտիվ գործունեություն ծավալող կանանց համագործակցությանը, համատեղ արդյունավետ աշխատանքի ուղղություններին վերաբերող հարցեր: