Բավ է պառակտվել
08-06-2016 14:54

Չեխիան խոստացավ հետել Գերմանիայի օրինակին. ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Չեխիայի Հանրապետության նախագահի հետ հանդիպումից հետո բանակցությունների արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությամբ հանդես գալով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է ԼՂՀ հիմնախնդրի շուրջ քննարկումներին: Նախագահը նշել է, որ բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում Եվրոպական միության ընդհանուր դիրքորոշմանը համահունչ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի լիակատար աջակցմանն ուղղված Չեխիայի դիրքորոշումը: Նախագահը մեկ անգամ ևս փաստեց, որ Բունդեսթագի որոշումն ապացուցեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը չի ճնշվի պատմական իրողությունները կեղծելով: Իսկ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն առաջին անգամ է Հայաստանում և այս ընթացքում ՀՀ-յան նախագահ Սերժ Սարգսյանի հետ հասցրել է քննարկել ռազմավարական նշանակության, տնտեսական ու քաղաքական մի շարք հարցեր: Չեխիայի նախագահի խոսքերով իրենք ողջունում են Գերմանիայի քայլը և պատրաստվում են ևս քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը. «Ես մեր երկիր վերադառնալուն պես հարց կբարձրացնեմ, որպեսզի խորհրդարանում քննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Մեր դիրքորոշումները համընկնում են և կարող եմ ասել, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ իմ դիրքորոշումը դեռևս 2014թ-ին եմ հայտնել, երբ մեր երկրում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը»: Միլոշ Զեմանն անդրադարձավ նաև տնտեսական համագործակցությանը և նշեց, որ Հայաստան է ժամանել մի խումբ գործարարների հետ և նպատակ ունեն հայ-չեխական կապերն էլ ավելի ամրապնդելու:

 

Տաթ Առաքելյան