13-12-2014 09:19

Չեխիայի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարարին

Դեկտեմբերի 12-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպան Պետր Միկիսկային` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Պետր Միկիսկայի երկամյա արգասաբեր գործունեությունը Հայաստանում Չեխիայի գործերի հավատարմատարի պաշտոնում վստահություն է ներշնչում, որ առաքելության ընթացքում դեսպանը իր կարևոր ներդրումը կունենա` հայ-չեխական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման և ընդլայնման գործում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և իր գործունեության բարձր գնահատականի համար՝ նորանշանակ դեսպան Միկիսկան նշեց, որ Չեխիան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների առավել խորացումը և դրա մասին է վկայում Երևանում ռեզիդենտ դեսպան նշանակելու մասին որոշումը։ Նա վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կներդնի` Հայաստանի և Չեխիայի միջև համակողմանի փոխգործակցության զարգացումն առաջ մղելու համար: Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին բարձր մակարդակով առաջիկա փոխայցելությունների ժամանակացույցը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջխորհրդարանական և ապակենտրոնացված համագործակցության, առևտրատնտեսական, մշակութային, գիտական ոլորտներում փոխգործակցության առավել զարգացմանն ուղղված հետագա քայլերը և Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։