24-09-2015 11:01

Չեմ կարծում, որ Զարուհի Փոստանջյանը «Ժառանգության» վերջին «բայեվիկն» է. Գ. Մելիքյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը այսօր անդրադառնալով օրեր առաջ իշխանափոխության վերաբերյալ ԱԺ-ում Զարուհի Փոստանջյանի արած կոչին, և ԱԱԾ-ի բուռն արձագանքին, ասաց. «Նախքան ԱԺ բարձր ամբիոնից նմանատիպ հայտարարություններ հնչեցնելը Զարուհի Փոստանջյանը պետք է մտածի, իսկ նախքան մտածելը, կարծում եմ, որ նա որպես կին և որպես հայ մայր պետք է լինի նաև համեստ: Ես կարծում եմ, որ նա ընդամենը կարծիք չի արտահայտել, նա ընդամենը կոչ է արել՝ քանդելու, ավերելու, կռվելու:

Ես չեմ կիսում այն կարծիքը, որ Զարուհի Փոստանջյանը «Ժառանգություն» կուսակցության վերջին «բայեվիկն» է, բայց ամեն դեպքում, որպես մայր և որպես հայ կին ես ընդամենը իրեն կհորդորեի լինել համեստ և կոռեկտ, և իր կարծիքը չփորձել կոչերի անվան տակ կապել մեր ժողովրդի վզին: Եվ այնպիսի կոչեր անել, որոնք իշխանափոխության ոչ օրինական ճնապարհ են հետապնդում:
Կարծում եմ, որ ԱԱԾ-ի հայտարարությունը ադեկվատ էր, տեղին և ժամանակին ու բավականին արդյունավետ»:
Ի պատասխան դիտարկմանը, որ ՀՀԿ-ից էլ ականջ կտրելու և բռնաբարելու կոչեր են արվում, Գ. Մելիքյանը ասաց.
«Ես չեմ կարծում, որ դրանք հավասարազոր են իշխանափոխության անօրինական կոչերին»:

Մարինե Բարսեղյան