19-12-2014 15:24

Ադրբեջանը Միացյալ Նահանգների համար կարեւոր գործընկեր է.Ջոն Հեֆերն

Ադրբեջանը Միացյալ Նահանգների համար շատ կարեւոր գործընկեր է: Այդ մասին այսօր՝  հրաժեշտի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը՝ պատասխանելով հարցին՝ կցանկանա՞ր արդյոք լինել Ադրբեջանում իր երկրի դեսպան: «Մի շարք ոլորտներում մենք սերտորեն աշխատում ենք Ադրբեջանի հետ, այդ երկիրը ծայրահեղորեն կարեւոր է էներգետիկ ոլորտում համագործակցության տեսակետից», - նշեց դեսպանը: Ջոն Հեֆերնը հավելեց, որ Ադրբեջանը կարեւոր է նաեւ Իրանի հետ հարաբերությունների տեսանկյունից: «Հետեւապես, մենք սերտորեն աշխատում ենք Ադրբեջանի հետ, ուստի Բաքվում դեսպան լինելու հարցում ես խնդիրներ չեմ տեսնում. դա ինձ համար կլիներ մարտահրավեր՝ ղարաբաղյան հարցում նրանց դիրքորոշումը ընկալելու տեսանկյունից», - ասաց ամերիկացի դիվանագետը: