02-04-2015 12:55

Բունդեսթագում վեճ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության հարցի շուրջ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Գերմանիայի քաղաքական շրջանակներում քննարկումներ են ընթանում «ցեղասպանություն» եզրի շուրջ։ Այս բառն օգտագործելու վերաբերյալ Գերմանիայի խորհրդարանում վերջին շրջանում թեժ քննարկումներ են ընթանում։ Oրերս Ցեղասպանության հարցով քննարկում և վեճ է տեղի ունեցել Բունդեսթագում։ Հայոց ցեղասպանության հարցը քննարկելու նպատակով ոչ պաշտոնական հանձնախումբ է ձևավորվել։ Քաղաքական գործիչները, մասնավորապես, քննարկել են այն հարցը, թե արդյոք ճիշտ է խորհրդարանում օգտագործել ցեղասպանություն եզրը։ Քննարկման ընթացքում վեճ է սկսվել իշխող կուսակցությունների և ընդդիմության, մասնավորապես, Գերմանիայի ընդդիմադիր «Ձախ» կուսակցության պատգամավորների միջև։ Ի տարբերություն իշխող ուժերի՝ «ձախերը» պահանջում են, որպեսզի հայտարարություններում կիրառվի ցեղասպանություն բառը։ Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Գերմանիայի ընդդիմադիր «Ձախ» կուսակցության՝ Դաշնային խորհրդարանի խմբակցությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջարկ է պատրաստել և ներկայացրել Բունդեսթագ: «Մեր օրերում Հայաստանի հետ Գերմանիայի հարաբերությունների և հայերի ու ասորիների ցեղասպանության հիշատակման» վերաբերյալ առաջարկը ստորագրել են Ձախ կուսակցությունից մի խումբ պատգամավորներ՝ խմբակցության ղեկավար Գրեգոր Գիզիի գլխավորությամբ: Առաջարկում նշված է, թե «1.5 մլն հայերի մահվան պատճառ դարձած իրադարձություններում դերակատարում է ունեցել նաև Կայսերական Գերմանիան, դերակատարում են ունեցել նաև 800 գերմանացի սպաները և 25.000 գերմանացի զինվորները»: Առաջարկի մեջ ընդդիմադիր կուսակցությունը հարց է բարձրացրել, թե Գերմանիայի ղեկավարությունից ո՞վ է մասնակցելու Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին և արդյո՞ք ընդհանրապես Գերմանիան մասնակցություն է ունենալու: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ապրիլի 24-ին Երևան չի այցելի: Միևնույն ժամանակ, Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար այդ օրը Գերմանիան Երևան է ուղարկելու Եվրամիության հարցերով նախարար Միխեիլ Ռոթին: