16-05-2016 16:41

Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բունդեսթագի քայլերը կհարուցեն Էրդողանի զայրույթը

Գերմանիայի խորհրդարանը շարունակում է քայլերը՝ ուղղված օրինագծի ընդունմանը, որը դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, քայլ, որը հավանաբար կզայրացնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և կսպառնա փախստականների վերաբերյալ ԵՄ-Թուրքիա փխրուն գործարքին: 
Հունիսի 2-ին նախատեսված քվեարկությունը տեղի կունենա էրդողանի հասցեին ուղղված գերմանացի երգիծաբանի վիրավորական բանաստեղծության շուրջ ստեղծված դիվանագիտական սկանդալի և փախստականների վերաբերյալ գործարքում կենտրոնական բաղադրիչ հանդիսացող Շենգենյան գոտում թուրքերի համար առանց վիզայի ճանապարհորդելու իրավունքի վերաբերյալ ԵՄ-ում աճող մտահոգությունների ֆոնին:

Այս քայլը կարող է է՛լ ավելի բարդացնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինտենսիվ ջանքերը` հանգստացնել Էրդողանին և համոզել նրան դադարեցնել փախստականների վերաբերյալ ձեռք բերված համաձայնագիրը տապալելու սպառնալիքները։ 
Մերկելը կարող է հաջորդ հանգստյան օրերին ևս մեկ անգամ հանդիպել Թուրքիայի նախագահին. նա պետք է այցելի Ստամբուլ՝ ՄԱԿ-ի համաժողովին մասնակցելու համար: 
Բունդեսթագը սկսել է քննարկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծը դեռ անցած տարի Ցեղասպանության 100-ամյա տարելիցից առաջ, բայց անգամ 2015 թվականի ապրիլին խորհրդարանական թեժ բանավեճից հետո Մերկելի կառավարությունը դիմադրեց քվեարկություն անցկացնելու ընդդիմադիր Կանաչների կուսակցության ջանքերին:

Անգամ փախստականների ճգնաժամից առաջ Մերկելը մտահոգված էր թուրք-գերմանական հարաբերություններին սպառնացող պոտենցիալ վտանգի պատճառով:

Այնուամենայնիվ, կառավարությունն անցած տարի որոշել է, որ այլևս չի կարող շարունակել իշխող կոալիցիայի տանող գիծը և անտեսել Ցեղասպանության դատապարտման վերաբերյալ հնչեցվող հայտարարությունները, այդ թվում՝ Հռոմի պապի կողմից:

Կանաչների կուսակցության հետ բանակցություններից հետո Քրիստոնեա-դեմոկրատական միություն- Քրիստոնեա-սոցիալական միության՝ CDU/CSU-ի և Սոցիալ- դեմոկրատական կուսակցության՝ SPD-ի ղեկավարները համաձայնել են պաշտպանել Ցեղասպանության մասին որոշումը: Սա նշանակում է, որ այն գրեթե անկասկած կընդունվի:

Չնայած տեքստը դեռ չի հրապարակվել, օրակարգը ներկայացնող տեքստն արդեն պարզ է դարձնում մտադրությունները. «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակին»:

Քվեարկության հետաձգումը նշանակում է, որ այն տեղի է ունենում անգամ շատ ավելի անհարմար ժամանակ, քան մեկ տարի առաջ էր: Այնուամենայնիվ, Կանաչների կուսակցության՝ թուրքական ծագմամբ ղեկավարներից Չեմ Օզդեմիրը Bild Am Sonntag թերթին ասել է. «Շատ հնարավոր է, որ Անկարայում զայրույթի ալիք կլինի: Բայց Բունդեսթագը թույլ չի տալիս իրեն շանտաժի ենթարկել Էրդողանի նման բռնակալի կողմից»:

Շատ պատգամավորներ արդեն զայրացած են այն առնչությամբ, որ Մերկելը թույլ է տվել անցած ամիս քրեական գործ հարուցել երգիծաբան Յան Բեմերմանի դեմ, ով բանաստեղծություն էր ընթերցել՝ մեղադրելով Էրդողանին կենդանիների հետ սեռական հարաբերություններ ունենալու և «մանկական պոռնո նայելիս քրդերին հարվածելու և քրիստոնյաներին ծեծելու» համար։

Գերմանիայի քաղաքական առաջնորդները նաև իրենց վերապահումն են հայտնել առանց վիզայի ռեժիմի պլանի առնչությամբ՝ պնդելով, որ Թուրքիան պետք է նախ կատարի պայմանները, այդ թվում՝ իր հակաահաբեկչական օրենքների բարեփոխումը: Էրդողանը սպառնացել է վերաբացել Թուրքիայի սահմանները Հունաստան ուղևորվող փախստականների համար, եթե չստանա առանց վիզայի ռեժիմի վերաբերյալ համաձայնությունը: