Բավ է պառակտվել
16-02-2015 08:42

Եվրոպային հայտնի է Հայոց Ցեղասպանության փաստը. Բունդեսթագ

Ողջ Եվրոպային հայտնի է Հայոց Ցեղասպանության փաստը, հայտարարել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Քրիստոֆեր Լամերթը փետրվարի 13-ին՝ Վրաստանում Գերմանիայի դեսպանությունում հանդիպման ժամանակ: Նրա խոսքով՝ հայկական համայնքներում կանցնեն այդ ողբերգության զոհերին նվիրված տարբեր միջոցառումներ: Բացի այդ Եվրոպայում ուշադիր հետևում են հայ-թուրքական հարաբերություններին: Վրաստանի Ուղղափառ, Կաթոլիկ, Բողոքական, Հայ Առաքելական եկեղեցիների, ինչպես նաև հրեական համայնքի ռաբինի և եզդիների համայնքի հոգևորական առաջնորդների հետ հանդիպման ժամանակ Լամերթը հետաքրքրվել է Վրաստանի տարածքում հայերի և թուրքերի, ինչպես նաև հայերի և իսլամական համայնքների միջև ստեղծված հարաբերություններով: Հայ Առաքելական եկեղեցին հանդիպման ժամանակ ներկայացրել է Վրաստանում Հայոց թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը: 
Ինչպես հայտնել է Հայ Առաքելական եկեղեցու թեմը, բարձրաստիճան հյուրը հետաքրքրվել է նաև նրանով, թե Վրաստանի հայ համայնքի որ մասն են կազմում Ցեղասպանությունը վերապրած մարդկանց սերունդները, ինչպես նաև հարցրել Վրաստան գաղթած հայերի թվի մասին: Եպիսկոպոսը իր երախտագիտությունն է հայտնել Բունդեսթագի նախագահին հայ ժողովրդի վշտին կարեկից լինելու համար և հաղորդել է, որ չնայած տեղի ունեցած պատմական իրադարձություններին հայկական համայնքի հարաբերությունները իսլամական համայնքի հետ խաղաղ են: Միևնույն ժամանակ հայերը, իհարկե, չեն մոռանում պատմական արդարությունը հաստատելու իրենց պահանջի մասին: Թեմի առաջնորդը նշել է, որ Վրաստանի հայկական համայնքի գրեթե մեկ երրորդը կազմում են Ցեղասպանությունը վերապրած հայերի սերունդները: Նրա խոսքով՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Վրաստանի հայերը կկազմակերպեն տարբեր միջոցառումներ և ողջ աշխարհի հայության հետ կձգտեն արդարության հաղթանակմանը: Եպիսկոպոսը նաև իր գոհունակությունն է արտահայտել Վրաստանի կառավարությանը, ինչպես նաև բոլոր կրոնական համայնքներին, որոնք միշտ պատրաստ են կիսել Վրաստանի հայերի վիշտը և աջակցում են հայկական համայնքին: Հանդիպման ընթացքում Բունդեսթագի նախագահը նաև հարցեր է ուղղել Վրաստանում կրոնական հանդուրժողականության մասին, ինչպես նաև ուշադրություն է դարձրել քրիստոնյաների, մուսուլմանների, հրեաների և այլ կրոնական համայնքների համագործակցության փաստին: Հանդիպման շրջանակներում նաև քննարկվել է համայնքներում խառն ամուսնությունների և միջազգային համագործակցության հարցը: Եպիսկոպոսը նշել է, որ չնայած տարբեր բարդություններին, Վրաստանում շարունակվում է կրոնական համայնքների համագործակցությունը, իսկ պետության հետ համագործակցության արդյունքում Հայոց եկեղեցու թեմը հուսով է, որ կլուծի իր պատմական եկեղեցիների վերականգման հարցը: