Բավ է պառակտվել
24-02-2014 17:33

«Մայդանը Հայաստանում չի կրկնվի».Բ. Նավասրդայն

Այսօր լրագրողների հանդիպմանը «Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի» Հայաստանի ազգային համակարգող, «Երևանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանը հայտարարեց, որ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները օգտակար են Հայաստանի համար:
«Ամբողջ քաղաքական դաշտը՝ իշխանություն, թե ընդդիմություն, խելացի կլինի, եթե հասկանա, որ այլևս չի կարելի օգտագործել քաղաքացիներին՝ քաղաքական նպատակների հասնելու համար: Նրանք պետք է հասկանան, որ մարդիկ նրա համար չեն, որ գնան կաշառքով կամ որոշակի ճնշումների ներքո քվեաթերթիկ գցեն տուփի մեջ: Մարդիկ պետք է ընկալվեն որպես մտածող, որոշակի շահեր ունեցող սուբյեկտներ, բայց դրա համար մարդիկ էլ պետք է հասկանան, որ, ի վերջո, երկրի տերն իրենք են»,- ասաց նա:
Բանախոսի խոսքով՝ հասարակությունը ցանկանում է տեսնել կանխատեսելի իշխանություն, որը գիտի ինչ է անում, ուր է գնում։ «Այն իշխանությունը, որը ճանապարհի կեսին փոխում է իր ուղղությունը, կորցնում է աջակցությունը հասարակության մեծ մասի կողմից: Դրա վառ օրինակի հետևանքները տեսնում ենք Ուկրաինայում»,- ընդգծեց նա: «Մեր հասարակությունն այդքան բաժանված չէ ինչպես Ուկրաինայում, ավելի միատարր է: Ես չեմ պատկերացնում այնպիսի հրաման տրվի իրավապահ մարմիններին Հայաստանում, ինչպես Ուկրաինայում, քանի որ «Մարտի 1-ն» էլ դաս է: Պետք է դասեր քաղել սեփական և համաշխարհային պատմությունից», համոզված է Բորիս Նավասարդյանը: