Բավ է պառակտվել
08-10-2014 09:11

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը եղել է մարտական հենակետում

Աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ պաշտպանության նախարար առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 7-ին եղել է մարտական հենակետերում, տեղում ծանոթացել հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավարեւմտյան հատվածում մարտական հերթապահություն իրականացնող հայ դիրքապահների մարտական առօրյային:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե այցի շրջանակում բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Իշխան Մաթեւոսյանը սպառիչ տեղեկություններ է ներկայացրել սահմանագոտում օպերատիվ իրավիճակի, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումների եւ հայկական կողմից ձեռնարկվող կանխարգելիչ գործողությունների վերաբերյալ: Զորամիավորման հրամանատարը, պատասխանելով Նիկոլայ Բորդյուժայի եւ Սեյրան Օհանյանի հարցերին, ներկայացրել է նաեւ մարտական հերթապահության ընթացքը:
Այցելության ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ծանոթացել է նաեւ հայ դիրքապահների սոցիալ-կենցաղային պայմաններին, թիկունքային ապահովմանը, մարտական ծառայության առանձնահատկություններին:
ԶԼՄ-երի հետ կայացած ճեպազրույցի ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, անդրադառնալով սահմանագծում տիրող իրավիճակին, նշել է, որ իրավիճակն ընդհանուր առմամբ գոհացուցիչ է եւ իր այցելության նպատակն էլ հենց սահմանագծում առկա օպերատիվ իրավիճակի վերաբերյալ համապատասխան զեկույց կազմելն է:


ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն առաջին անգամ էր այցելել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտի: Ողջունելով Նիկոլայ Բորդյուժայի այդ քայլը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ նմանօրինակ այցելությունները եւս մեկ անգամ հավաստում են, որ ՀԱՊԿ ղեկավարությունը հետաքրքրված է ՀԱՊԿ անդամ պետություններում տիրող իրավիճակով, եւ այսպիսի այցելությունների արդյունքում է, որ ձեւավորվում են ընդհանուր տեսակետներ` իրավիճակից բխող հնարավոր քայլերը եւ դրանց հաջորդականությունը որոշելու առումով: