Բավ է պառակտվել
06-03-2017 12:31

Նախընտրական արշավի մեկնարկին «Ծառուկյան» դաշինքը գերազանցում է ՀՀԿ-ին

Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկին «Ծառուկյան» դաշինքը առաջ է անցել Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: Այդ մասին վկայում են միջազգային Gallup International Association կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության իրականացրած հարցման տվյալները:
Ի պատասխան հարցին՝« եթե ընտրությունները տեղի ունենային առաջիկա կիրակի օրը, ո՞ր կուսակության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք»՝ հարցվածների 26,4%-ը նշել է «Ծառուկյան» դաշինքը, իսկ 22,8%-ը նախընտրությունը տվել են ՀՀԿ-ին:
Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը հիշեցրել է, որ կազմակերպության նոյեմբերյան հետազոտության համաձայն ՀՀԿ-ի օգտին քվեարկել պատրաստ էր հարցվածների 19,5%-ը, իսկ«Ծառուկյան» դաշինքի կորիզը հանդիսացող « Բարգավաճ Հայաստան»-ի օգտին՝ 18,4%-ը:
«Հիմա մենք գտնվում ենք մեկնարկային իրավիճակում, և ամենաբարձր արդյունքներ ցույց տված երկու առաջատար քաղաքական ուժերի ցուցանիշները 23% և 26% են: Դրանք շատ չեն տարբերվում՝ ընդամենը 3%-ով: Քարոզարշավը, որի վկաները կլինենք առաջիկա մեկ ամսում՝ շատ բան կարող է փոխել»,- հայտարարել է Նավասարդյանը:
Նախընտրական քարողարշավի մյուս մասնակիցները զգալիորեն զիջում են այս երկու քաղաքական ուժերին: Այսպես, «Ելք» դաշինքի օգտին պատրաստ են քվեարկել հարցվածների 4,3%-ը, «Հայ հեղափոխական դաշնակցության» օգտին՝ 3,9%-ը, «Ազատ դեմոկրատներ»-ի օգտին՝ 3,4%-ը,« Հայկական վերածնունդ»-ի ՝ 2,7%, «ՀԺԿ»- «Կոնգրես»-ի օգտին՝ 2,6%, «Օհանյան-Րաֆֆի- Օսկանյան» դաշինքի օգտին՝ 1,8%-ը և Կոմունիստական կուսակցության օգտին՝ 1%-ը:
Ընդ որում հարցվածների 14%-ը հրաժարվել է պատասխանել, իսկ 17%-ը դժվարացել է քաղաքական ուժի ընտրության հարցում:
Նավասարդյանը նաև նշել է, որ.« Մեր փորձագիտական կարծիքի համաձայն խորհրդարան անցնելու շանսեր ունեն 4-5 կուսակցություն: Դրանք են՝ « Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքը, « Հայ հեղափոխական դաշնակցությունը», «Ազատ դեմոկրատները»:
Նշենք, որ փետրվարի 23-ից մարտի 2-ը ընկած ժամանակահատվածում իրականացված հարցմանը մասնակցել է 1146 քաղաքացի՝ ողջ Հայաստանից (վիճակագրական սխալը կազմում է ±3%):
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կանցնեն ապրիլի 2-ին: Դրանք կլինեն 2015թ. Սահմանադրական բարեփոխումների ընդունումից հետո Հանրապետությունում տեղի ունեցող առաջին համապետական ընտրությունները: Հիշեցնենք, որ Սահմանադրական բարեփոխումները նախատեսում են անցում Խորհրդարանական կառավարման՝ 2018թ. գործող նախագահի իրավասությունների ավարտից հետո:
Ընտրություններին մասնակցելու են ինը քաղաքական կուսակցություններ և դաշինքներ: