30-04-2014 14:05

ԲՀԿ-ն, Նաիրա Զոհրաբյանը, Նիկոլ Փաշինյանը ՛՛պատկանում են՛՛ Հանրապետականի՞ն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ ողջունում է երեկ Ազգային ժողովի նախագահի ընտրությանը ոչ իշխանական ուժերի մասնակցության փաստը:

«Կարծում եմ, որ այն ճանապարհը, որը որպես այլընտրանքային կարող էր դիտվել, ճիշտ ճանապարհ չէ պետականաշինության գործընթացում: Ե՛վ ԲՀԿ-ի, և՛ ՕԵԿ-ի, և՛ «Ժառանգության» ու Ալիկ Արզումանյանի և Փաշինյանի մասնակցությունը ես բարձր եմ գնահատում, որովհետև քաղաքական գործընթացները, այդուհանդերձ, որոշակի արժեհամակարգային շրջանակ ունեն: Խոսնակի պաշտոնը, ԱԺ-ի դերակատարությունը այնպիսին է, որ անկախ քաղաքական հայացքներից, պատգամավորները իրավունք ունեն չմասնակցելու, բայց ժամանակի հրամայականն է լինել քաղաքականության մաս»,- ասաց նա:

Այն հարցին, թե կայացած քվեարկությանը ոչ իշխանական «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» խմբակցությունների մասնակցությունն ինչ է հուշում, որ նրանք իշխանության հետ են, թե թունդ ընդդիմադիր, պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանն էլ է երեկ քվեարկել, կարծում եք իշխանությա՞ն մաս է»:

Դիտարկմանը, թե նա չի քվեարկել Գալուստ Սահակյանի օգտին, պատասխանեց, որ կապ չունի, քանի որ ամեն դեպքում մասնակցել է քվեարկությանը:

«Ես ողջունում եմ պատգամավորների քաղաքացիական ու քաղաքական կեցվածքը, երբ կարողանում են զանազանել տարբեր հարցեր ու հասկանալ, որ քաղաքական համակարգի մշակույթի ձևավորման տրամաբանության մեջ իրենց մասնակցությունը կարևոր քայլ է»,- ասաց նա:

Հարցին, թե Գալուստ Սահակյանը մի առիթով ասել է՝ «ԲՀԿ-ն մերն է», հիմա դա ապացուցվեց, Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ բոլոր քաղաքական ուժերն էլ իրենցն են և «Հանրապետականը» քաղաքական պատնեշներին ու խրամատներին դեմ է: «Բոլորն էլ մերն են՝ Նիկոլ Փաշինյանն էլ է մերը, Նաիրա Զոհրաբյանն էլ է մերը, մենք էլ իրենցն ենք: Առանց մեկս մյուսի չենք կարող աշխատել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ 101 կողմ ձայներով ՀՀ ԱԺ նախագահ է ընտրվել Գալուստ Սահակյանը: