Բավ է պառակտվել
28-03-2014 13:58

Եթե կառավարությունը հրաժարական չտա՝ խոստանում ենք բարիկադներ ու ցնցումներ. ԲՀԿ պատգամավոր

Այսօր, ՀՀ ԱԺ ճեպազրույցում, ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը նշեց, որ իրենք զգուշացնում են իշխանություններին՝ ապրիլի 28-ին ընդունել Կառավարության հրաժարականը, չօգտագործել «կոճակային» պատգամավորների առավելությունը՝ հակառակ դեպքում խոստանում են բարիկադներ և ցնցումներ: ԲՀԿ պատգամավորը նշեց, որ իրենք գաղտնի չեն գործում, մշակում են միայն թափանցիկ ծրագրեր։ «Գործող կառավարությունը տապալվել է բազմաթիվ ոլորտներում կենսական կարևորություն ուենցող գործերում, և այլ տարբերակ չունենք, անվստահության մեկամսյակն այսօրվանից սկսում է։ Կառավարությունը ոչ թե վարչապետի տեսքով պետք է հեռանա, այլ ամբողջովին, այսինքն՝ չենք բարձրացնում վարչապետ Տիգրան Սարգսյանի անձի հարցը, այլ ողջ նախարարների»,-ասաց նա։ Վահան Բաբայանը նկատեց, թե իրենց համար խնդրի լուծում չի լինի, որ ՀՀԿ-ականին փոխարինեն մեկ այլ ՀՀԿ-ականով։ ԲՀԿ-ական պատգամավորը հավելեց, որ իրենք չեն անտեսել ԱԺ-ում քվեարկության հարցը։ «ԱԺ-ում կա կոճակային մեծամասնություն և կարծիք կա, որ կոճակային առավելությամբ մեծամասնությանը թույլ չի տալ, որ լսեն ժողովրդի, հասարակության ձայնը և գնան փոփոխությունների։ Հաջորդ քայլերը կլինեն հետևյալը՝ հաջողության հասնելու համար մեզ անհրաժեշտ է դառնում կազմակերպել տասնյակ, ինչու չէ նաև հարյուր հազարավոր մարդկանց մասնակցությունը Երևանի փողոցներում, հրապարակներում, շենքերի դիմաց»,-ասաց նա և նշեց, թե այս պահին կա տարբերակ, որ իշխանությունները կընտրեն խաղաղ, անցնցում տարբերակը։ Հետո ըստ նրա, արդեն գալիս է իշխանության փոփոխության ամբողջական փաթեթային տարբերակը։ «Մենք գտնում ենք, անկախ ամեն ինչից, կա հնարավորություն գնալու խաղաղ, անցնցում փոփոխությունների, և պետք է իշխանությունը հետևություններ անի։ Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ ենք անելու մինչև ապրիլի 28-ը և շատ լավ գիտենք, թե ինչ ենք անելու ապրիլի 28-ից հետո։ Մնում է հետևություն անի իշխանությունը։ Այդ հետևությունն անելու դեպքում կարող են խուսափել բարիկադներից, ցնցումներից, անիմաստ թշնամանքից»,-նշեց նա։ ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանն էլ ավելացրեց, որ 28-ը վճռական օր է, և այդ օրը դրվում է երկրում արմատական փոփոխությունների սկիզբը՝ կամ սահուն ճանապարհով, կամ էլ երկիրը կգնա բարդ ու քաոսային ճանապարհով։ «Սա ակնհայտ է, որովհետև գալիս է պահ, երբ իրավիճակը որոշվում է հանգամանքներով, ոչ թե որոշված ծրագրերով, մենք չենք ուզում երկրորդ տարբերակով»,-զգուշացրեց նա։