Բավ է պառակտվել
09-02-2017 17:05

Բելառուսին վրդովվեցրել է ՀԱՊԿ-ից իրեն հեռացնելու առաջարկը

Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարում է, որ երկիրն իր ընտրությունը կատարել է, և իրեն ՀԱՊԿ-ից հանելու գաղափարները հիմք չունեն:
Նախօրեին Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պահանջել է հեռացնել Բելառուսին ՀԱՊԿ-ից` Մինսկի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու կապակցությամբ: Բաղդասարյանի կարծիքով, Մինսկը հերթական անգամ կոմնակալ վերաբերմունք է դրսևորում հայկական կողմի հանդեպ:
«Բելառուսին ՀԱԿՊ-ից հանելու առաջարկները զուրկ են իրավական հիմքերից», - հայտարարել է բելառուսական ԱԳՆ մամուլի քարտուղար, տեղեկատվության կառավարման պետ Դմիտրի Միրոնչիկը:
Նա նշեց, որ ՀԱՊԿ-ին անդամակցելը կամ չանդամակցելը զուտ կամավոր հարց է, և Բելառուսն «իր ընտրությունը կատարել» է:
Նախօրեին Երևանում Բելառուսի դեսպանության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են այդ երկրի դեսպան Իգոր Նազարուկից լքել Հայաստանը, իսկ հայկական իշխանություններից` սառեցնել երկկողմանի դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ` Մինսկից Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու կապակցությամբ: Ակցիան կազմակերպել էր «Ելք» նախընտրական դաշինքը, որի կազմում են` «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները:
Երեքշաբթի հայտնի դարձավ, որ Բելառուսի Գերագույն դատարանը մերժել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը, որով նա բողոքարկում էր իրեն Ադրբեջանին արտահանձնելու որոշումը։ Ուշ երեկոյան հայտնի էր դարձել, որ բլոգերը հատուկ չվերթով Մինսկից տեղափոխվել է Բաքու։
Դեկտեմբերի կեսերին Իսրայելի քաղաքացի Լապշինը, ով նաև ՌԴ քաղաքացի է, գրել է, որ իրեն ձերբակալել են Մինսկում` Ադրբեջանի հայցով, որտեղ նա ներառված է «սև ցուցակում»` առանց ադրբեջանական իշխանությունների համաձայնության Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Նման անձանց արգելվում է այցելել Ադրբեջան։ Այդուհանդերձ, 2015 թ.–ի հունիսին Լապշինը Վրաստանի տարածքով ուկրաինական անձնագրով մուտք է գործել Ադրբեջան։
Բլոգերին հաջողվել է հատել սահմանն ու հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում իր անունը (Ալեքսանդր) այլ կերպ է գրված (Օլեքսանդր)։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել։