12-09-2014 16:11

Բասկոնիայի Գիպուսկոա նահանգը ճանաչեց Արցախի անկախությունը

Նախօրեին սկսվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի աշխատանքային այցը Բասկերի Երկիր: Այցի առաջին օրը Կարեն Միրզոյանը հանդիպել է Բասկերի Երկրի Գիպուսկոա նահանգի նախագահ Մարտին Գարիտանո Լարանյագայի հետ։  Ինչպես ««Արմենպրես»-ին տեղեկացրել են ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, ողջունելով Կարեն Միրզոյանին՝ Մարտին Գարիտանո Լարանյագան հայտարարել է, որ Գիպուսկոա նահանգը ճանաչում է Արցախը որպես անկախ պետություն և վստահություն հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Բասկերի Երկիրը հասնելու են միջազգային ճանաչմանը։ Իր հերթին Կարեն Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, բարձր է գնահատել Բասկերի Երկրի հետ հաստատվող հարաբերությունները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համագործակցության հեռանկարներին և հնարավորություններին, ինչպես նաև քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։  Նույն օրը Կարեն Միրզոյանը նաև մի շարք գործնական հանդիպումներ է ունեցել նահանգային կառավարության տարբեր դեպարտամենտների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում կողմերի միջև համագործակցությանն առնչվող հարցեր։  ԼՂՀ արտգործնախարարը նաև հանդիպել է Գիպուսկոայի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ և այցելել մի շարք ձեռնարկություններ։ Քննարկվել են տարբեր ոլորտներում, մասնավորապես, էներգետիկայի և գյուղատնտեսության, համագործակցությանն առնչվող հարցեր։ Կայացել է նաև Կարեն Միրզոյանի հանդիպումը Բասկերի Երկրի համալսարանի (քաղաք Բիլբաո) ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Բասկերի Երկրի և Արցախի պետական համալսարանների միջև համագործակցության հաստատման ուղիները։ Ձեռք են բերվել գործնական պայմանավորվածություններ։