Բավ է պառակտվել
04-10-2014 10:33

Բաքվում ԱՄՆ նախկին դեսպանը Ալիևին բռնարար է անվանել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին անվանում են Եվրոպայի վերջին բռնապետը, սակայն այդ ցուցակում հարկավոր է ավելացնել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Այս մասին «The American Interest»-ում հրապարակված հոդվածում գրում են Freedom House իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Դեւիդ Քրամերն ու Բաքվում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը:
Ըստ նրանց՝ ժամանակն է պատժամիջոցներ սահմանել Ալիեւի կառավարության դեմ, որը ճաղերի հետեւում է պահում շուրջ 100 քաղբանտարկյալի. շուրջ երկու անգամ ավելի, քան Ռուսաստանում եւ Բելառուսում միասին վերցրած: Ավելին, ըստ հեղինակների, Արեւմուտքի կոչերը, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Օբամայի քննադատությունը, Բաքուն անուշադրության է մատնում: «Այդ միտումը փոխելու լավագույն միջոցը Ալիեւի ռեժիմի դեմ տուգանքներ սահմանելն է՝ սեփական ժողովրդի հանդեպ վրդովեցուցիչ վերաբերմունքի համար»,- ասվում է հոդվածում:
Նշենք, որ հոդվածում թվարկվում է նաև քաղաքական հասարակության ակտիվիստների եւ ամերիկյան ու միջազգային հասարակական կազմակերպությունների տեղական ներկայացուցչությունների ակտիվիստների դեմ վերջին հարձակումները: Ադրբեջանական իշխանությունների արշավը տարածվել է նաեւ պաշտոնատար անձանց վրա, մասնավորապես՝ նախկին դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի եւ Սենատի ներկայացուցիչների, որոնց «շներ» եւ «լրտեսներ» են անվանել այն բանից հետո, երբ վերջինները հանդիպել են լրագրող Հադիջա Իսմաիլովայի հետ: «Ցանկացած մարդ կամ կազմակերպություն, որը քննադատում է Ալիեւին կամ նպաստում է ժողովրդավարության զարգացմանը, որպես թշնամի է դիտարկվում»,- գրում են հոդվածի հեղինակները:
Մինչ Արեւմուտքը զբաղված է Ուկրաինայում տիրող իրավիճակով եւ «Իսլամական պետության» կողմից սպառնալիքով, Ալիեւի ռեժիմը որոշել է, որ կարող է շարունակել քաղաքացիական հասարակության դեմ հարձակումները: Նրանք նաեւ կարծում են, որ Ադրբեջանը, միաժամանակ, մեծ գումարներ է ծախսել՝ «Արեւմուտքում ազդեցություն եւ ընկերներ գնելու համար»:
ԱՄՆ-ն կարող է սառեցնել Ադրբեջանի իշխանությունների ակտիվները եւ արգելել նրանց մուտքը Արեւմուտք, իսկ Պետքարտուղարությունը կարող է ամերիկյան քաղաքացիների համար նախազգուշացում հրապարակել, որոնք կարող են Ադրբեջանում բախվել հնարավոր հետապնդումների եւ նույնիսկ ձերբակալության խնդիրների:
«Արեւմուտքի կողմից հետագա «մտահոգությունների» արտահայտությունները կամ իրավիճակը որպես «անընդունելի» բնորոշելն ավելի ու ավելի անլուրջ են հնչում: Ալիեւի ռեժիմը պետք է հասկանա, որ իր խախտումները հետեւանքներ կարող են ունենալ»,- ամփոփում են հեղինակները: