30-09-2015 16:45

Բանական մարդը կողմ չի քվեարկի այս Սահմանադրությանը. Ա. Սարգսյան

Հայաստանում շարունակվում են քննարկումները Սահմանադրության փոփոխված տարբերակի շուրջ: Մի շարք մտավորականներ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին իրենց մտահոգությունը այդ հարցի վերաբերյալ. «Ժամանակն է աղմուկ սկսել Սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ: Երկրում այսօր ծանր սոցիալական վիճակ է, սահմանին լարվածություն է, ի՞նչ կարիք կա հիմա անցում կատարել խորհրդարանական համակարգի: Մեզ հիմա ավելի ուժեղ իշխանություն է պետք: Մենք այսօր չունենք նույնիսկ կուսակցական համակարգ, իսկ խորհրդարանական համակարգը հենվում է հենց կայացած կուսակցական համակարգի վրա: Քանի՞ կուսակցություն կա այսօր, որը կարող է երկիր կառավարելու հայտ ներկայացնել»,- ասաց մտավորականների խորհրդի անդամ՝ գրող, գրականագետ Աշոտ Եղիազարյանը: Քաղաքական գործիչ, «Հայաստանի դեմոկրատական կուսակցության» նախագահ Արամ Գ.Սարգսյանը ևս կարծում է, որ Սահմանադրության փոփոխության ժամանակը չէ և դրա անհրաժեշտությունն էլ չկա: Սակայն, քանի որ գործընթացը արդեն ընթացքում է, և հոկտեմբերի 5-ին նախագիծը ԱԺ-ում դրվելու է քվեարկության. քաղաքական գործիչը անհրաժեշտություն է տեսնում ևս մեկ անգամ մատնանշել դրանում առկա անթույլատրելի կետերը. «Քանի որ կանխատեսելի է, որ ԱԺ-ում մեծամասնության քվեարկությամբ նախագիծը անցնելու է, մեր պարտքն է տեղեկացնել հասարակությանը, որ նորմալ բանականություն ունեցող մարդիկ չեն կարող կողմ քվեարկել այսպիսի տարբերակի: Հոդված 5-ի 2-րդ կետում գրված է, որ ընդհանուր միջազգային պարտադիր նորմերը գերակայություն ունեն մեր Մայր օրենքների նկատմամբ: Սա նշանակում է, որ ցանկացած նորմ, որը իրենք կհամարեն պարտադիր՝ պետք է Հայաստանում կիրառվի: Սա սուվերենության կորուստ է՝ միանշանակ»:  Բանախոսը նաև նկատեց, որ նոր նախագծով վերանում է պետական սեփականության գաղափարը: Իսկ կրոնական կազմակերպություններին գործելու ազատություն է տրվում. «Փոփոխված նախագծում ասվում է, որ. «ՀՀ-ում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը», և չի նշվում որևէ բացառություն»,- նկատեց բանախոսը:

Մարինե Բարսեղյան