30-09-2015 11:17

Բաքուն փորձում է ստուգել մեր ռազմավարական գործընկերոջ արձագանքը

«Ուկրաինական խնդիրը կապված է մեզ հետ: Խորքում տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման խնդիրն է: Ղրիմը դարձավ նախադեպ՝ կոտրելով այն կարծրատիպը, թե ժամանակակից սահմանները անխախտ են, իսկ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը երկրորդական է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Բանախոսի կարծիքով պատահական չէ, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ուկրաինան տարիներ շարունակ զինում էր Ադրբեջանին՝ նրանք երկուսն էլ դեմ են արտահայտվում ժողովուրդների ինքնորոշման սկզբունքին: Ինչ վերաբերվում է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը, ապա քաղաքագետը նկատեց, նոր Ադրբեջանի քաղաքական իշխանությունները նման իրադրություն են ստեղծում ելնելով մի քանի պատճառներից. «Ադրբեջանը նման քայլերի է գնում ինչպես տարածաշրջանային զարգացումներից ելնելով, այնպես էլ ներքին քարոզչական խնդիր լուծելու համար: Բացի այդ Բաքուն այսպես ստուգում է մեր սահմանների կայունությունը և մեր ռազմավարական գործընկերոջ արձագանքը»: Փորձագետի համոզմամբ Պուտին-Սարգսյան հանդիպումները, և զենք ձեռք բերելու նպատակով ՌԴ-ի կողմից Հայաստանին տրամադրված վարկը նաև յուրատեսակ ազդակներ են՝ ուղղված Ադրբեջանին. «Իհարկե կա մտավախություն, որ Ալիևը կարող է նաև լայնամասշտաբ պատերազմ սկսել, բայց քանի որ դա կարող է հանգեցնել այն բանին, որ տարածաշրջան կմտցվեն ռուսական խաղաղապահ զորքեր, որից Ադրբեջանը սարսափում է՝ նա ամենայն հավանականությամբ կթուլացնի լարվածությունը»,- եզրափակեց քաղաքագետը :

Մարինե Բարսեղյան