Բավ է պառակտվել
02-04-2016 11:23

Բաքուն ավելացնում է լարվածությունը՝ միջազգային հանրության քննադատությունների ներքո

ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է շփման գծում Ադրբեջանի կողմից բռնության վերջին դեպքերին: 
«Ըստ երևույթին՝ Բաքուն ավելացնում է լարվածությունը՝ ԼՂ հարցում ոչ կառուցողական կեցվածքի և մարդու իրավունքների խախտումների հարցում միջազգային հանրության աճող քննադատությունների ներքո»,-գրել է Տիգրան Բալայանը: 
Նա նաև հայտնել է, որ գիշերն Ադրբեջանը հրետանային կրակ է բացել ու բռնություն է կիրառել շփման գծի ողջ երկայնքով։ 
Ինչպես արդեն հաղորդվել է՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Հիշեցնենք, որ շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ, հակառակորդը կիրառում է հրետանի և օդուժ, կրակում խաղաղ բնակավայրերի վրա։

ԼՂՀ ՊԲ–ն խոցել է հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական ուղղաթիռը։