Բավ է պառակտվել
05-12-2014 09:58

Բաքուն մերժում է ոչ միայն հիմնարար սկզբունքները.ՀՀ ԱԳՆ

Այս տարի լրացավ Արցախի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ձեռք բերված հրադադարի համաձայնության 20-ամյակը: Չնայած միջազգային հանրության կոչերին՝ ամրապնդելու 1994թ. մայիսի զինանադադարի համաձայնագիրը եւ ամբողջովին իրագործելու 1995թ. փետրվարի համաձայնությունը հրադադարի ամրապնդման վերաբերյալ՝ Ադրբեջանն արեց ամեն ինչ՝ հրադադարը խաթարելու համար։ Հայաստանի հետ սահմանին եւ Ղարաբաղի հետ շփան գծում Ադրբեջանի ռազմական գործողությունները հանգեցրեցին զգալի կորուստների եւ առավել լարեցին իրավիճակը տարածաշրջանում։ Այդ մասին ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բազելում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 21-րդ նստաշրջանին ունեցած ելույթում: «Չնայած երեք համանախագահ երկրների ձեռնարկած ինտենսիվ ջանքերին՝ վերջին վեց տարիների ընթացքում ` շուրջ քսան գագաթաժողով, նախարարական մակարդակով մի քանի տասնյակ հանդիպում, համանախագահների մի քանի տասնյակ տարածաշրջանային այցեր, չհաջողվեց հիմնախնդրի կարգավորման հարցում բեկում արձանագրել, քանի որ Բաքուն մեկը մյուսի հետեւից մերժեց միջնորդների կողմից ներկայացված առաջարկները: Մենք շարունակում ենք համոզված լինել, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռանախագահ երկրների ղեկավարների հինգ հայտարարություններում ամրագրված տարրերը կարող են հիմք ծառայել` հակամարտության արդար եւ տեւական կարգավորմանը հասնելու համար: Կիսում ենք համանախագահ երկրների այն տեսակետը, որ այդ տարրերը պետք է դիտվեն որպես մեկ ամբողջություն, եւ որ դրանցից մեկին նախապատվություն տալու ցանկացած փորձ անհնար է դարձնելու հավասարակշռված լուծման հասնելը»,- նշել է Նալբանդյանը: Նրա խոսքով, ի տարբերություն Ադրբեջանի` Հայաստանը բազմիցս ընդգծել է եւ, ի պատասխան Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահների կոչին, կրկին վերահաստատել է իր հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներին, մասնավորապես` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքին եւ տարածքային ամբողջականությանը: «Ադրբեջանը ձեւացնում է, թե միջազգային հանրությունը կիսում է իր մոտեցումները, իսկ ինքն էլ իր հերթին կիսում է միջազգային հանրության մոտեցումները, նույնիսկ ձեւացնում, թե պատրաստ է գնալ խաղաղության համաձայնագրի նախագծի մշակմանը՝ մինչ Բաքուն համաձայնություն չի տալիս ղարաբաղան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ առաջարկներին։ Իրականում, Ադրբեջանը շարունակաբար մերժում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բոլոր առաջարկները: Բաքուն մերժել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած հիմնարար սկզբունքների բոլոր, այդ թվում` վերջին տարբերակները, որոնք ներկայացվել էին Կազանի (2011թ. հունիս), Սոչիի (2011թ. մարտ), Աստրախանի (2010 թ. հոկտեմբեր) եւ Սանկտ Պետերբուրգի (2010թ. հունիս) գագաթաժողովներին»,- նկատել է Նալբանդյանը: Նա հավելել է, թե Բաքուն մերժում է ոչ միայն հիմնարար սկզբունքները, այլեւ` համանախագահների կողմից առաջարկված վստահության կառուցման միջոցները` ուղղված հրադադարի ռեժիմի ամրապնդմանը, շփման գծից դիպուկահարների դուրսբերմանը եւ հրադադարի խախտման միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծմանը` ստանձնելով դրանց հետեւանքների ողջ պատասխանատվությունը: «Հայ գյուղացին, ով սխալմամբ հայտնվեց Ադրբեջանի տարածքում, ձերբակալվեց, տեսախցիկների առջեւ նվաստացվեց` տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների գործելաոճով, իսկ հաջորդ օրը սպանվեց ադրբեջանցիների կողմից: Որքան միջազգային հանրությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով, կոչ է անում հակամարտության կողմերին պատրաստել ժողովուրդներին խաղաղության, այլ ոչ թե` պատերազմի, այնքան ավելի շատ է Ադրբեջանից, այդ թվում` ամենաբարձր մակարդակով հնչում ռազմատենչ, պատերազմ հրահրող հռետորաբանություն, հայատյացության քարոզչություն, հայերին սպանողների հերոսացում, ուժգնանում են հետապնդումները այն լրագրողների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների, մտավորականության ներկայացուցիչների դեմ, որոնք հետամուտ են վստահության ամպապնդման եւ հաշտեցման ծրագրերին՝ նրանց «Հայաստանի լրտեսներ» անվանելով։ Որքան կողմերին կոչ է արվում դուրս բերել դիպուկահարներին շփման գծից եւ ստեղծել միջադեպերի ու հրադադարի ռեժիմի խախտումների քննության մեխանիզմ, այնքան ավելի շատ դիպուկահարների կրակոցներ, սադրիչ միջադեպեր, դիվերսիոն գործողություններ են հետեւում ադրբեջանական կողմից` հանգեցնելով բազմաթիվ կորուստների: Որքան նավթային եկամուտները հարստացնում են Ադրբեջանի բյուջեն, այնքան ավելի շատ զենք ու սպառազինություն է ձեռք բերվում Բաքվի կողմից: 2015թ. Ադրբեջանի ռազմական բյուջեն կհասնի 4,8 մլրդ ԱՄՆ դոլարի` Իլհամ Ալիեւի` Ադրբեջանի նախագահի պաշտոնում իր հորը փոխարինելուն հաջորդած մեկ տասնամյակի ընթացքում ավելանալով գրեթե երեսուն անգամ: Ադրբեջանի կողմից այս բացարձակապես անհամաչափ ռազմական ծախսերը եւ լրացուցիչ սպառազինության ձեռքբերումը լուրջ սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանային եւ միջազգային կայունության եւ անվտանգության համար»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը՝ նշելով, թե նման ռազմատենչ կեցվածքը ուղեկցվում է հակահայ քարոզչությամբ եւ այլատյացությամբ: «Տարիներ շարունակ Հայաստանն այս ամբիոնից իր մտահոգությունն է հայտնում` ադրբեջանական հասարակության մեջ այդ երկրի ղեկավարության կողմից ամենաբարձր մակարդակով ռազմատենչ հռետորաբանության, միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտումների եւ հակահայ հիստերիայի եւ ատելություն սերմանելու կապակցությամբ: Մարդու իրավունքների հարցերով զբաղվող բազմաթիվ միջազգային կազմակերպություններ բարձրաձայնել են Ադրբեջանում ռասիզմի, անհանդուրժողականության եւ մարդու իրավունքների խախտումների աղաղակող դեպքերի մասին, ահազանգել են հայատյաց քաղաքականության կապակցությամբ: Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովն (ՌԱԵՀ) Ադրբեջանի վերաբերյալ իր զեկույցում խորը մտահոգություն է արտահայտել «պաշտոնական եւ ԶԼՄ-ների հրապարակումներում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ մշտական բացասական քարոզչության» կապակցությամբ եւ հորդորել Ադրբեջանի իշխանություններին «համապատասխան կերպ արձագանքել հայերի հանդեպ խտրականության եւ ատելության քարոզչության բոլոր դրսեւորումներին»: Ո՞րն է Ադրբեջանի արձագանքը: Բաքուն փորձում է պարտադրել մյուսներին մարդու իրավունքների վերաբերյալ սեփական խեղաթյուրված ընկալումը, կազմակերպում է շինծու համաժողովներ` նվիրված ենթադրյալ հանդուրժողականությանը եւ ազատություններին: Մեր կազմակերպության բնույթը ենթադրում է համարժեք գնահատական եւ համապատասխան արձագանք այս վարքագծին»,- ասել է նա: